Հայաստանում ներկայումս կան քաղաքական հայացքների համար բանտախցերում գտնվող թվով 13 անձինք, որոնցից 12-ն ազատազրկվել են 2008 թվականի մարտի 1-ից հետո: 2009 թվականին ընդունված համաներման ակտով բազմաթիվ անձինք, այդ թվում նաեւ`քաղբանտարկյալներ, ազատ արձակվեցին, սակայն վերը նշված անձանց համար համաներման ակտն ազատ արձակվելու միջոց չդարձավ: Այս մասին ասված է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանի ելույթում, որը հնչել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստում:
Իր ելույթում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ընդդիմադիր պատգամավորն առաջարկում է մասնավորապես հետեւյալ քայլերը՝ պահանջել ՀՀ իշխանություններից` առավելագույնը մեկ ամսվա ընթացքում ընդունել համաներման ակտ, որը կտարածվի այս անձանց վրա, 2008 թվականի մարտի 1-ի փաստահավաք խմբի անդամների կողմից կազմված զեկույցների հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի համատեքստում կատարել քննություն:
Զարուհի Փաստանջյանը նշել է նաեւ, որ 2008 թվականի մարտի 1-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ընդունվել է հրամանագիր, համաձայն որի` «Արտակարգ դրության» իրավական ռեժիմի ապահովումը վերապահվել է Հայաստանի պաշտպանության նախարարությանը: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նաեւ հայտարարություն է արել բանակի օգտագործման մասին: Առ այսօր որեւէ քննություն տեղի չի ունեցել 2008 թվականի մարտի 1-ին ՀՀ զինված ուժերի ապօրինի օգտագործման փաստի առթիվ: Խնդրին լուծում տալու համար պատգամավորն առաջարկել է «անհապաղ իրականացնել քննություն ՀՀ զինված ուժերի ապօրինի օգտագործման փաստի առթիվ` ղեկավարվելով միջազգային նորմերով եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 15-րդ հոդվածի դրույթներով»:
Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում «Ժառանգության» ներկայացուցիչը արծարծել է նաեւ ՀՀ ընտրական համակարգի բարեփախման հարցը՝առաջարկելով «անհապաղ պահանջել ՀՀ իշխանություններից եւ ԵԽ Վենետիկի հանձնաժողովից` ՀՀ ընտրական համակարգի բարեփոխման աշխատանքներն իրականացնել ընդդիմադիր եւ հասարակական շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների հետ համատեղ»:
Վերը թվարկված խնդիրներին լուծում տալու եւ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար պատգամավորն առաջարկել է նաեւ ԵԽ մոնիտորինգի հանձնաժողովի կողմից նշանակված համազեկուցողներին առնվազն տասն օրվա ընթացքում գործուղել Հայաստան եւ պահանջել, որ վերը թվարկված հարցերի վերաբերյալ կազմեն համապատասխան զեկույց` այն ներկայացնելով ԵԽ մոնիտորինգի հանձնաժողովին»:




























