Թուրքիայի մայրաքաղաքի երկաթգծի կայարանի մոտ 2015–ի հոկտեմբերի 10–ի արյունալի ահաբեկչության կազմակերպիչ  ԻՊ–ի անդամ Յունուս Դուրմազի համակարգչից հանված փաստաթղթերը վախեցրել են իրավապահներին։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը,  Յունուս Դուրմազի համակարգչում ոստիկանները հայտնաբերել են Թուրքիայում գտնվող բազմաթիվ եկեղեցեիների հասցենե, ալեւիների գյուղերի անուններ ու ալեւիական կազմակերպությունների անուններ։

Նշվում է, որ Յունուս Դուրմազը նշումներ էր արել հավաքած տեղակատվության մեջ՝ հատուկ թիրախավորելով այն եկեղեցիները, որտեղ այցելում են թուրքեր ու մուսուլմաններ։ Նա հավաքել էր այդ եկեղեցիների հասցեները, բացվելու ու փակվելու ժամերը, գրանցելով նաեւ եկեղեցու սպասավորների անուններն ու հեռախոսահամարները։

Նշենք, որ Յունուս Դուրմազը պայթեցրել է իրեն 2016–ի մայիսի 19–ին, երբ ոստիկանությունը փորձել է ձերբակալել նրան։ Նա համարվում էր Թուրքիայում  ԻՊ–ի էմիրը։