Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում ահաբեկչական գործողության հետ կապված` Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել: Այդ մասին հայտնում է «Կավկազսկի ուզել»-ը:
Հունիսի 30-ին Ստամբուլի տարբեր շրջաններում ոստիկանության եւ ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունքի ստորաբաժանումները, ականատեսների տվյալներով, ստուգայցեր են կազմակերպել` ձերբակալելու այն մարդկանց, որոնք կարող էին կապ ունենալ ստամբուլյան ահաբեկչական գործողությունների կազմակերպիչների հետ:
«Ստուգայցերը վաղ առավոտից իրականացվել են Պենդիկում, Ակսարաեում, Կայաշեհեում: Մարդկանց հասցրել են ոստիկանության բաժանմունքներ, ոմանց անմիջապես տեղափոխել են դեպորտացիոն բանտեր: Ինձ նման մոտ հինգ ձերբակալություն է հայտնի: Ձերբակալվածների թվում Դաղստանից երեք մարդ կա, մեկը Չեչնիայից է եւ մեկը` Ադրբեջանի քաղաքացի», - «Կավկազսկի ուզել»-ի թղթակցին գաղտնիության պայմանով պատմել է Դաղստանից եկածը, որը Թուրքիայում համագործակցում է տեղի իրավապաշտպանական կազմակերպություններից մեկի հետ:
Ստամբուլի Կայաշեհիր թաղամասում Ադրբեջանի քաղաքացու ձերբակալության մասին հայտնել են նրա ծանոթները:
«Մենք առայժմ չենք ուզում նրա անունը տալ: Ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունքի աշխատակիցները նրա տուն են գնացել վաղ առավոտյան: Բոլորը քնած էին եւ դռան թակոց չեն լսել, այդ ժամանակ նրանք սկսել են հանել դռները: Վերադառնալով` նրանք ներսում գտնվողների նկատմամբ ուժ են կիրառել եւ իրենց հետ տարել են ընտանիքի անդամներից մեկին», - հայտնել է ձերբակալվածի հարեւանը:
Նրա խոսքով, այդ տղամարդը նախկինում մի քանի օր պահվել էր միգրացիոն ծառայության աշխատակիցների կողմից, ինչից հետո նրանից ներողություն էին խնդրել եւ բաց էին թողել:
«Այս անգամ, երեւում է, դա կրկնական այցի պատճառ է դարձել: Նա Ստամբուլում էր աշխատում, իրավաբանական օգնություն եւ միջնորդություն էր տրամադրում միգրանտների օրինականացման գործում», — նշել է հարեւանը:





























