Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի խաղողագործների անցած տարվա մթերած խաղողի պարտքը «Վինար» գինու գործարանը դեռեւս ամբողջությամբ չի մարել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քաղցրաշենի գյուղապետ Վալերիկ Գյուլամիրյանը:
«Դեռեւս մնացել է, ամբողջությամբ չեն մարել պարտքերը, մի 25-30 միլիոն դեռ մնում է, 75 միլիոն դրամի կարգի բաժանվեց»,-ասաց գյուղապետը:
Նշենք, որ քաղցրաշենցիների եւ հարակի գյուղերի խաղողագործներին ընկերությունը պարտք է անցած տարվանից, նրանք պարբերաբար բողոքի ցույցեր են կազմակերպել կառավարության մոտ` պահանջելով իրենց պարտքերը: Մինչեւ վերջերս ընկերությունը խաղողագործներին չէր վճարել, իսկ վարչապետն ամեն անգամ խոստանում էր, որ այս կամ այն ամսվա վերջին ամբողջությամբ կմարեն, սակայն մինչ այսօր խոստումն ամբողջությամբ չի կատարվել:
Խաղողագործները վերջին անգամ բողոքի ցույց արեցին մայիսի 26-ին, նախագահական նստավայրի մոտ: Նրանք մինչեւ մայիսի վերջ պետք է ստանային ողջ գումարը, սակայն գյուղապետի խոսքով` մոտ 30 միլիոն դրամ դեռեւս չի վճարվել:
«Իմ նշած 25-30 միլիոնը վերաբերում է Քաղցրաշեն գյուղին, հենց այդ մայիսի բողոքից հետո էլ բաժանվեց, դրանից հետո դեռ չեն տվել, ասել են` հուլիսի մեջ կփակեն կվերջացնեն»,-նշեց գյուղապետը:
Հիշեցնենք, որ բողոքի ցույցերի ժամանակ գյուղացիները հավաստիացնում էին, որ պարտքերի պատճառով չեն կարողացել խաղողագործությամբ զբաղվել, հողը մշակել, ինչի պատճառով այս տարի նրանցից շատերը մթերելու խաղող չունեն:





























