Իսրայելը լավ հիշողություն ունի ու իսրայելցիներից քչերը կհետաքրքրվեն թուրքական հանգստավայրերով: Այս մասին ասել է ռուս արեւելագետ Եվգենի Սատանովսկին՝ NEWS.am -ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Թուրքիայի ու Իսրայելի հարաբերությունների կարգավորման գործընթացը:
«Ինչպես է իսրայելական հասարակությունը վերաբերում Թուրքիային՝ պարզ է»,- նշել է քաղաքագետը՝ այս կապակցությամբ հիշեցնելով «ազատության նավատորմիղին» վերաբերող միջադեպը:
«Նրանք փորձել են սպանել իսրայելցի զինվորականներին ու այդ հարցում բավականին հաջողությունների են հասել, բայց վերջին պահին ոչնչացվել են: Ընդ որում Իսրայելը դեռ մի բան էլ փոխհատուցում է վճարում»,- նկատել է Եվգենի Սատանովսկին՝ հավելելով, որ իսրայելական հասարակությանը դա ոչ մի կերպ չի կարող դուր գալ:
Նա հիշեցրել է, որ Թուրքիան, լինելով զանազան ահաբեկչությունների թիրախ ու զանազան ռազմական գործողությունների անցկացման վայր, նաեւ խաչմերուկ է ահաբեկիչների տարանցման ճանապարհին, թիկունք ԻՊ-ի ու ահաբեկչական այլ կազմակերպությունների համար:
Թուրքիայի ու Իսրայելի երբեմնի բարեկամական հարաբերությւոնները փչացել էին, երբ 2010-ին իսրայելցի զինվորականները գրավել էին «Մավի Մարմարա» նավը, որը Թուրքիայից Գազայի հատված էր ուղեւորվում: Այդ ժամանակ Անկարան խզել էր կապերը Թել Ավիվի հետ, իջեցրել դիվանագիտական հարաբերությունների մակարդակն ու կոշտ դիրքորոշում զբաղեցրել՝ առաջադրելով մի շարք պայմաններ: Այս տարվա հունիսի 28-ին Իսրայելն ու Թուրքիան ստորագրել են համաձայնագիր հարաբերությունների կարգավորման մասին: Դրան նախորդել էին հաղորդագրություններ այն մասին, որ Իսրայելը փոխհատուցում է վճարելու զոհված թուրքերի ընտանիքներին:





























