Ռուսական ավիափոխադրող ընկերությունների սահմանած ավիատոմսերի գների վրա ազդելու համար Հայաստանը պետք է ունենանա տեղական ավիափոխադրող եւ հակադեմպինգային մեթոդներ կիրառի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի անդամ, հրամանատար օդաչու, ՀՀ առաջին մասնավոր ավիաընկերություններից մեկի`«Ֆենիքս Ավիայի» հիմնադիր Հակոբ Ճաղարյանը:
«Կառավարությունը՝ հանձինս ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, հակադեմպինգային մեթոդներ պետք է կիրառի` ինչպես արեց Վրաստանը: Ռուսական 6 ավիաընկերություն թռիչքներ էին կատարում Մոսկվայից եւ դեմպինգ արեցին վրացական երկու ավիաընկերություններին: Վրաստանի կառավարությունը նրանց երեքին ընդհանրապես արգելեց մուտք գործել Վրաստան, իսկ մյուս երեքին՝ թույլ տվեց շաբաթական ընդամենը 10 թռիչք դեպի Մոսկվա»,- ասաց Հակոբ Ճաղարյանը՝ համեմատելով Մոսկվա-Երեւան ուղղությունը, որի դեպքում ռուսական 9 ընկերություն օրը 21 թռիչքի լիցենզիա ունի:
Հակոբ Ճաղարյանի խոսքով՝ շուկայում դոմինանտ են դարձել ռուսական ընկերությունները ու թելադրում են այն, ինչ իրենք են ուզում: Ստեղծված իրավիճակը, ըստ նրա, ՏՄՊՊՀ -ի բացարձակ անգործության եւ ռուսական ընկերությունների՝ անմաքուր բիզնես անելու հետեւանք է:
«Արմավիայից» հետո «Էյր Արմենիան» էր հայկական ավիափոխադրող ու թեկուզ եւ փոքր էր, բայց նրա՝ շուկայում լինելու պարագան հակազդեցություն էր: Նրան ռուսական ընկերությունները դուրս արեցին դեմպինգով, ինչի դեմ Հայաստանի կառավարությունը ոչինչ չարեց»,- ասաց նա՝ նշելով, որ երբ «Էյր Արմենիան» գոյություն ուներ, Սոչի եւ Անապա ուղղություններով տոմսի արժեքը 29 եվրո էր, դեպի Ռոստով՝ 38, «Էյր Արմենիայի»՝ շուկայից դուրս գալուց հետո ավիատոմսի գինը հասավ մինչեւ 200 եվրոյի․ «Դեպի Հյուսիսային Կովկաս «Աերոֆլոտ» ավիաընկերությունը շաբաթական 2 թռիչք է անում այն դեպքում, երբ շաբաթական 7 թռիչքի կարիք կա»։
Հակոբ Ճաղարյանի Խոսքով՝ Ուկրաինայի դեպքում էլ նույն վիճակն է, քանի որ այդ ուղղությամբ էլ մոնոպոլ են ուկրաինական ընկերությունները․ «Ուղղակի այս դեպքում այլընտրանք կա Եվրոպա գնացողների համար: Կան նաեւ լեհական, ավստրիական ավիաուղիները, չեն կարող նրանցից ավելի բարձր գներ դնել, բայց, միեւնույն է, մաքսիսմում են դնում»։
Անդրադառնալով նրան, որ Վերին Լարսի փակվելուց հետո ավիատոմսերի գները կրկնակի թանկացել են, Հակոբ Ճաղարյանը կարծիք հայտնեց, որ նույն վիճակն է լինելու նաեւ պատերազմի, բնական աղետներ պատահելու դեպքում:
Նշենք, որ ավիատոմսերի գները Վերին Լարսի փակվելուց հետո (հունիսի 23) կրկնակի թանկացել են: Օրինակ՝ դեպի Սոչի ավիատոմսի արժեքը հասել է 120 հազար դրամի, միակ ընկերությունը, որ ուղիղ չվերթ է իրականացնում այդ ուղղությամբ, «Աերոֆլոտն» է: Դեպի Կրասնոդար ավիատոմսի արժեքը հասել է 150 հազար դրամի, այդ ուղղությամբ չվերթներ են իրականացնում միայն «Ուրալը» եւ «Յուտեյր Արմենիան»:





























