ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել 6 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր՝ հուլիսի 4-ին` ժամը 07։30-ին, հաղորդում է ստացվել, որ Մեղրի–Երեւան ավտոճանապարհի 88-րդ կմ հատվածում իրար են բախվել «ԿԱՄազ» եւ «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով  «Տոյոտա Քեմրի» ավտոմքենայի վարորդը եւ 5 ուղեւորները մահացել են:

Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Կատարվել են դեպքի վայրի, դիակների զննություններ, նշանակվել են դատաբժշկական, դատաավտոտեխնիկական, դատակենսաբանական, դատանյութագիտական փորձաքննություններ:

Պարզվել են նաեւ դեպքի մասնակից վարորդների եւ ուղեւորների ինքնությունները.

«Կամազ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ֆելիքս Սամվելյանը` ծնված 1969թ., ստացած վնասվածքներով տեղափոխվել է «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ:

Վթարի հետեւանքով մահացել են՝ Արտակ Վահագնի Ոսկանյանը` ծնված 1993թ., Մուշեղ Սարգսի Մարջանյանը` ծնված 1992թ., Սոնա Վահիկի Ջավադյանը` ծնված 1992թ., Ռուբեն Հայկի Ավագյանը` ծնված 1992թ., Իննա Դավիթի Միքայելյանը`  ծնված 1999թ, եւ 2015թ. ծնված փոքրիկը։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: