Վերին Լարսում  ՀՀ քաղաքացիների նկատմամբ վատ վերաբերմունքի հարցով ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը դիմել է Ռուսաստանի Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովային:

Այս առնչությամբ ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունում ասվում է.

«Հիմք ընդունելով լրատվամիջոցներով տարածված տեղեկություններն այն մասին, որ ՌԴ տարածքում գտնվող Վերին Լարս անցակետի հատվածում մնացած ՀՀ քաղաքացիները ռուսաստանյան միգրացիոն ծառայության աշխատակիցների կողմից ենթարկվում են վատ վերաբերմունքի, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիների համար խնդիրներ են ստեղծվում նաեւ ՌԴ իրավապահ մարմինների հետ հարաբերություններում՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ:

Հեռախոսազրույցի ընթացքում Արման Թաթոյանն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նշված հարցերին եւ խնդրել վերջինիս իր լիազորությունների շրջանակներում միջոցներ ձեռնարկել բարձրացված խնդիրներին լուծում տալու, վատ վերաբերմունքի դեպքերը բացառելու ուղղությամբ:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը սույն հարցով ՌԴ իր գործընկերոջը դիմել է նաեւ պաշտոնական նամակով»: