«Արի տուն» ծրագիրն այս անգամ Հայրենիք է բերել 130 երիտասարդի: Այսօր՝ հուլիսի 4-ին տեղի է ունեցել «Արի տուն» ծրագրի երրորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը:
Սփյուռքի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոողջունելով արիտունցիներին` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Սիրելի արիտունցիներ, սիրով եւ ջերմությամբ ողջունում եմ բոլորիդ Մայր Հայրենիքում` Հայաստանում, համոզված եմ, որ այս 14 օրերի ընթացքում դուք լավ կճանաչեք Հայաստանը, կծանոթանաք Հայրենիքի տեսարժան վայրերին, պատմամշակութային հուշարձաններին: Կայցելեք Հայոց ցեղասպանության հուշարձան, Եռաբլուրում ծաղիկներ կդնեք զոհված հերոսների շիրիմներին: Ուրախ եմ, որ Հայաստանում անցակացրած օրերից մեկը նվիրելու եք Հայկական բանակին, այցելելու եք զորամաս, ծանոթանալու եք մեր զինվորների առօրյային: Սիրելի° արիտունցիներ, նաեւ 4 անմոռանալի եւ հագեցած օրեր ենք անցկացնելու ճամբարում: Այդ օրերին դուք հիանալի հնարավորություն կունենաք բարելավելու ձեր մայրենին, ավելի կմտերմանաք միմյանց հետ: Բարո°վ եք եկել Հայրենիք»:
Նախարարը կարեւորեց ՀՀ տարբեր գերատեսչությունների, մարզային ու համայնքային կառույցների աջակցությունը «Արի տուն» ծրագրին:
Ծրագրի մասնակիցներին ողջունեց նաեւ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Ղարպետյանը: Շնորհակալություն հայտնելով Սփյուռքի նախարարությանը հայրենաճանաչության այս ծրագրի իրականացման համար՝ նա նշեց, որ §Արի տուն¦ ծրագիրը հնարավորություն է տալիս Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին այցելել Հայաստան, ճանաչել Հայրենիքը, մշակույթն ու պատմությունը:
Ներկաներին ողջունեց Բեյրութի Հայ Կաթողիկե Քույրերի Հռիփսիմյանց վարժարանի փոխտնօրեն Արա Հալաճյանը:
Այնուհետեւ արիտունցիները դիտեցին ծրագրի մասին պատմող տեսաֆիլմ, որից հետո նախարարը, ավանդույթի համաձայն, ամենակրտսեր մասնակցին՝ 13-ամյա Ալեքսան Ազարյանին (Լիբանան) հագցրեց «Արի տուն» տարբերանշանով շապիկն ու գլխարկը:
Ծրագրի երրորդ փուլին մասնակցում է 130 պատանի ու աղջիկ աշխարհի 10 երկրից՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Ռումինիայից, ԱՄՆ-ից, Լեհաստանից, Թուրքմենստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Թուրքիայից, Սիրիայից:





























