Ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված Արման Լազգիյանի նախկին համադասարանցիներին հուլիսի 2-ի ակցիայի ժամանակ 111 740 դրամ է հաջովել հավաքել: Ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ Անահիտ Մկրտչյանը, NEWS.am –ի թղթակցին հայտնել է, որ իրենք մտադիր են հուլիսի 6-ին այդ գումարը փոխանցել Արմանի հաշվեհամարին:
Անահիտի խոսքով, Հյուսիսային պողոտայում կազմակերպված ակցիան ընդամենը 2 ժամ է տեւել, ավելի երկար Երեւանի քաղաքապետարանը չի թույլատրել: Այդ երկու ժամում երեւանցիները պատրաստակամությամբ գումար են նվիրաբերել, ով ինչքան կարող էր, վիրավոր զինծառայողի բուժման համար: Ավելին, չի եղել մեկը, ով կասկածեր իրենց ազնվությանը կամ իրենց կազմակերպած ակցիայի կարեւորությանը, նշել է Անահիտը:
Քանի որ Արմանին օգնելու ցանկություն ունեցողներից ոչ բոլորն են հասցրել այդ երկու ժամվա ընթացքում Հյուսիսային պողոտա գալ, իսկ հավաքված գումարն էլ բավականին քիչ է, հաշվի առնելով, որ Արմանին բուժման համար չի բավականացնում ավելի քան հարյուր հազար եվրո՝ ակցիայի կազմակերպիչները մտադիր են եւս մեկ ակցիա անցկացնել, որպեսզի ավելի շատ գումար հավաքեն: Իսկ հուլիսի 2-ին հավաքված գումարները, Անահիտի խոսքով, իրենք հուլիսի 6-ին կփոխանցեն Արմանի հաշվեհամարին, իսկ կտրոնների լուսանկարներն էլ կհրապարակեն «Ֆեյսբուքի» համապատասխան էջում, որպեսզի մարդիկ կարողանան համոզվել, որ իրենց նվիրաբերած յուրաքանչյուր կոպեկ Արմանին է փոխանցվել:
Հիշեցնենք, որ ակցիայի կազմակերպիչները երկու տարի սովորել են Արմանի հետ նույն դասարանում: Նրան ինչ-որ ձեւով օգնելու մտահղացումը նրանց մոտ առաջացել է այն պահին, երբ լսել են որ Արմանը ծանր վիրավորված է: Իսկ երբ իմացել են, որ Արմանին գումարը չի բավականացնում Գերմանիայում բուժվելու համար, պետությունն էլ նրան ոչնչով չի օգնում, հասկացել են, որ պետք է նախաձեռնությունը իրենց ձեռքը վերցնեն:
Հիշեցնենք նաև, որ Արման Լազգիյանը ադրբեջանական ագրեսիայի ընթացքում ապրիլի սկզբին ստացել էր ողնաշարի վիրավորում ու ողնուղեղի վնասվածք: Ծանր վիճակում նրան հասցրել էին «Էրեբունի» բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Մի շարք վիրահատություններից հետո Արմանի ծնողները ցանկացել են նրա բուժումը Գերմանիայում շարունակել. Հայ բժիշկները Արմանի համար արել էին այն ամենը, ինչ կարող էին, սակայն քանի որ Գերմանիայում վերականգնողական բուժումն ավելի զարգացած է, քան Հայաստանում, այնտեղ շատերի կարծիքով Արմանն ավելի շատ շանսեր ունի ոտքի կանգնելու համար:
Չնայած Հայաստանի կառավարության որոշմանը, որ այն վիրավորներին, որոնց Հայաստանում չեն կարող պատշաճ օգնություն ցուցաբերել, Կառավարությունը կուղարկի արտասահման բուժման, Արման Լազգիյանի վրա այդ որոշումը չի տարածվել: Բայց քանի որ ծնողները պնդում էին արտասահմանում բուժման իրենց մտադրութունը, կառավարության անդամները նրանց օգնել են «մասնավոր աղբյուրների» գումարներով: Օգնել են նաեւ հասարակ քաղաքացիները, որոնք գումարներ են փոխանցել այն հաշվին, որը բացվել է Արման Լազգիյանի անունով, ու նրան տեղափոխել են Գերմանիա:
Սակայն, ինչպես վերջերս կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է վիրավոր զինծառայողի հայրը՝ Միքայել Լազգիյանը, հիմա Գերմանիայում Արմանի վերականգնողական բուժումը շարունակելու համար եւս 160 հազար եվրո է պահանջվում:
Արմանին աջակցելու համար բացված են հետեւյալ հաշվեհամարները.
HSBC բանկ.
AMD 006057517001
RUB 006057517103
EUR 006057517102
USD 006057517101
Ստացող՝ Արման Լազգիյան





























