Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնության եւ Ucom աջակցության շնորհիվ՝ «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաների բացման շքերթը հասել է նաեւ Արարատ եւ Վայոց Ձոր:

«Արմաթ» խմբակ-լաբորատորիաներ են արդեն գործում Երասխի, Ելփինի, Արենիի, Գետափի, Շատինի միջնակարգ դպրոցներում, Վայքի ավագ դպրոցում, Մալիշկայի թիվ 1 միջնակարգ դպրոցում եւ Եղեգնաձորի թիվ 1 ու թիվ 2 հիմնական դպրոցներում: 

Նշենք, որ ԻՏՁՄ-ի եւ Ucom ընկերության միջեւ ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն՝ Ucom ընկերությունը  ներդրումներ է կատարում, որպեսզի Հայաստանի 9 մարզերում բացվեն «Արմաթ» անվանումը կրող  շուրջ 70 ինժեներական խմբակ-լաբորատորիաներ։ Նախագիծը նպատակ ունի խթանելու տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի համայնքների բոլոր դպրոցներում, նպաստելու աշակերտների մոտ ժամանակակից բարձր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, վաղ տարիքից ճարտարագիտական մտածելակերպի զարգացմանը եւ բանիմաց ուսանողների նախապատրաստմանը։

«Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաներում մշակված ծրագրային փաթեթները, ինչպես նաեւ սարքավորումների գծագրերը բաց են հանրության համար։ Խմբակ-լաբորատորիաների համար ծրագրային միջոցներ ձեռք բերելիս նախապատվություն է տրվում տեղական արտադրողին, ինչի վառ օրինակ են հանդիսանում Հայաստանում արտադրված բարձրակարգ եռաչափ (3D) տպիչները, մինի համակարգիչները, ռոբոտաշինության հավաքածուները եւ այլ սարքերը։

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը հույս է հայտնել, որ առաջիկայում «Արմաթի» աշակերտները նորաստեղծ ընկերություններ կհիմնեն ու կաջակցեն իրենց ընտանիքի եւ համայնքի զարգացմանը:

«Ամենակարեւոր գործոնը, որն ուզում եմ ընդգծել՝ մեր լաբորատորիաների աշխարհագրության ընդլայնումն է: Եթե յուրաքանչյուր գյուղի, իսկ մասնավորապես՝ սահմանամերձ բնակավայրի բնակիչ գիտակցի, որ իր ապագան հենց իր ձեռքերում է, մեր հնարավորություններն այսօրվա կիզիչ արեւի չափ հզոր են լինելու, իսկ ապագան՝ բաց ու լուսավոր», - ասել է Ucom ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Եսայանը։