Հայ արտադրողները Ռուսաստանում կարող են նաեւ առանց միջնորդների աշխատել: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է «X5 Retail Group» ռիթեյլ կոնցերնի պետական կառույցների հետ փոխգործակցության հարցերի բաժնի ղեկավար Մանուչար Կուտատելաձեն:
Մյուս կողմից, նրա խոսքով, դա նշանակում է, որ նրանք պետք է հետեւեն առեւտրական խոշոր ցանցերում հաստատված կանոններին: Արտադրողի խնդիրն այն է, որ նա չի ուզում դրանով զբաղվել: Հայտնվում է դիստրիբյուտորը, որը մի քիչ ավելի շատ ժամանակ է հատկացրել այդ պահանջների ուսումնասիրմանը: «Խոսքը ապրանքի լոգիստիկայի եւ մարկետինգի կանոններին է վերաբերում: Եթե Ռուսաստանում ապրանքներ են մատակարարվում շատ երկրներից, պետք է հասկանալ, թե նախ որտեղից եւ ինչքան ապրանք վերցնել եւ երկրորդ` ինչպես անել, որ ապրանքը չմնա մեր դարակներում: Մեզ մոտ միաժամանակ ակցիաներ կան տեսականու մոտ 30 տոկոսի վերաբերյալ: Դա նրա համար է, որ պատկերացնեք, թե ինչ շատ ջանքեր եւ միջոցներ են ներդրվում ապրանքն առաջ մղելու գործում, որտեղից էլ լինի այն: Այդ պատճառով հայ արտադրողներն էլ պետք է պատրաստ լինեն մասնակցելու նման ակցիաների, որպեսզի սպառողը դարձյալ եւ դարձյալ ուշադրություն դարձնի նրանց ապրանքին», - պարզաբանել է Կուտատելաձեն:
Ռուսաստանյան «X5 Retail group» կոնցերնը միավորում է «Պյատյորոչկա», «Պերեկրյոստոկ» եւ «Կարուսել» սուպերմարկետային ցանցերը: Հոլդինգում մոտ 147,5 հազար մարդ է զբաղված, նրա եկամուտը 2015 թվականին մոտ 233 մլն դոլար է կազմել:





























