2016 թ-ի հունվար-հունիս ամիսներին ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում մահացել է 136 շարքային և պայմանագրային զինծառայող, ինչպես նաև քառօրյա պատերազմական գործողություններին մասնակցած կամավորականներ: Այս մասին հայտնում է Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից:

Ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության արդյունքների 2016 թ-ի ապրիլի 2-ին ռազմական գործողությունների ընթացքում արձանագրվել է նաև Թալիշում չորս քաղաքացիական անձանց զոհվելու դեպքեր:

2016 թ. հունվար-հունիս ամիսների մահացության 136 դեպքերից 77-ը՝ ապրիլի 1-5-ը ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետեւանքով են, 25-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման, 13-ը՝ դժբախտ պատահարի (4-ը՝ ավտովթարի, 1-ը՝ հոսանքահարման, , 2-ը՝ մեքենաներ վարելու, շահագործելու կանոնների խախտման, 3-ը՝ բնական աղետի /1-ը՝ ձնահոսքի, 2-ը՝ ջրհեղեղի/, 2-ը՝ բլինդաժի փլուզման, 1-ը՝ ջրահեղձման), 11-ը՝ սպանության (5-ը՝ զենքի հետ վարվելու կանոնների, 3-ը՝ կանոնադրային հարաբերությունների խախտումների հետեւանքով, 2-ը՝ դեռևս չհստակեցված հանգամանքներւմ, 1-ը՝ դիտավորյալ), 8-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետեւանքով, 1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետեւանքով, և 1-ը՝ առողջական խնդիրների՝սրտի կաթվածի հետեւանքով:

Մահացության 136 դեպքերից 2-ի (1 ավտովթար և 1 ինքնասպանություն) դեպքում զինծառայողները չեն գտնվել ծառայության մեջ:

Ավտովթարի արդյունքում մահացած պարտադիր ժամկետային զինծառայողը ավտովթարի պահին գտնվել է արձակուրդի մեջ: Դեպքի մասին պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել:

ՀՀ ՊՆ N զորամասի, 2-րդ դասակի հրամանատար,կապիտան Մեսրոպ Ղուրշուդյանն ինքնասպանություն է գործել կախվելու միջոցով՝ իր տան լոգարանում: Դեպքի վերաբերյալ ՀՀ ՊՆ-ն պաշտոնական հաղորդագրություն չի տարածել, իսկ ՀՀ Քննչական կոմիտեի կողմից տարածված հաղորդագրության մեջ չի նշվում զինծառայողի ինքնասպանություն գործելու պատճառը: Հետեւաբար, ինքնասպանության փաստի եւ զինծառայության հետ կապված խնդիրների միջեւ կապի մասին որեւէ տեղեկատվություն չկա:

2016 թ-ի հունվար-հունիս ժամանակահատվածում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով 102 (ներառյալ պատերազմական գործողությունների ընթացքում մահվան դեպքերը) մահացության դեպքերից 2-ը տեղի են ունեցել ՀՀ-ում, որոնցից մեկը Տավուշի մարզի Ճամբարակ համայնքում, իսկ մյուսը Վայոց ձորի մարզում: