Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն արդիականացնում է Սու-34 բազմագործառույթ կործանիչ-ռմբակոծիչները, որոնք իրենց լավ են դրսեւորել Սիրիայում: Այդ մասին հայտնել է պաշտպանության փոխնախարար Յուրի Բորիսովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք նախատեսել ենք որոշ ժամանակից ինքնաթիռի արդիականացում կատարել` երկարաձգել նրա կյանքը, մեծացնել խոցման ավիացիոն միջոցների թիվը: Ինքնաթիռը շատ պահանջված է մեր զինված ուժերում եւ լավ ապագա ունի», — ասել է Բորիսովը:
Բացի այդ, փոխնախարարը նշել է, որ Ռուսաստանի Օդատիեզերական ուժերին Սու-34-ի մատակարարման պայմանագիրը, որը կնքվել է մինչեւ 2020 թվականը, ժամանակից շուտ կկատարվի: Բորիսովը նաեւ ընդգծել է, որ ինքնաթիռի համար «արդեն սկսում են հերթ կանգնել արտասահմանցի տարբեր գնորդներ»:
Սու-34 ռազմաճակատային ռմբակոծիչը մշակվել է 1980-2000 թվականներին եւ իրենից ներկայացնում է հարվածային մեքենա Т-10-ի հարթակի վրա, որի հիմնական տարբերակ է համարվում Սու-27 կործանիչը: Ինքնաթիռի առավելագույն թռիչքային քաշը հասել է 45 տ-ի, առավելագույն արագությունը (մոտ 10 կմ բարձրության վրա) 1900 կմ/ժ է, հածանավային արագությամբ գործողության շառավիղը, կախված ծանրաբեռնվածությունից եւ այլ պարամետրերից, կարող է գերազանցել 2 հազար կմ-ն: Ռմբակոծիչը զինված է օդում լրալիցքավորման համակարգով, ինչը թույլ է տալիս հավելյալ մեծացնել թռիչքի երկարությունը: Սու-34-ը կարող է կիրառել կառավարվող եւ անկառավարելի սպառազինության գործնականում բոլոր տեսակները:
Ինքնաթիռը սերիական եղանակով մատակարարվում է 2007 թվականից եւ պաշտոնապես սպառազինության է ընդունվել 2014-ին: Ռուսաստանի ՌՏՈՒ-ի կազմում մոտ 80 նման մեքենա կա: Գործող պետպատվերի շրջանակում ՌՏՈՒ-ն պետք է մինչեւ 2020 թվական 124 նման ինքնաթիռ ստանա, հետագայում մատակարարումների ծավալը կարող է աճել:





























