Երեւանում հուլիսի 4-ին կայացած ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի ավարտին ղարաբաղյան հակամարտության եւ Սիրիայի հարցերով համատեղ հայտարարություններ են ընդունվել։ Այս մասին նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը (ֆոտոռեպորտաժ)։

Ընդգծելով, որ Հայաստանի համար մեծ պատիվ է ընդունել նման բարձր միջոցառում, նախարարը հիշեցրել է, որ կազմակերպությունում Հայաստանի նախագահության շրջանակներում հոկտեմբերին Երեւանում կայանալու է հավաքական անվտանգության խորհրդի նիստը։ Այսօրվա հանդիպմանը քննարկվել է առաջիկա նիստի պատրաստությունը։

Նախարարի խոսքով այսօրվա նիստի ուշադրության կենտրոնում առաջին հերթին ՀԱՊԿ-ի մինչեւ 2025 թ ռազմավարությունն է եղել, քննարկվել է նախորդ նիստերի ընթացքում ձեռք բերված պայմնավորվածությունների ու որոշումների կատարման գործընթացը: Անդրադարձել են այն հարցերին, որոնք վերաբերում են կազմակերպության կանոնադրությանը, այլ կազմակերպությունների շրջանակում համագործակցության աշխուժացմանը, խորհրդատվությունների ժամանակացույցին: «Հայաստանը միշտ ակտիվ ու նախաձեռնող է եղել կազմակերպության շրջանակում»,- շեշտել է նախարարը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան իր հերթին նշել է, որ կազմակերպության ուշադրության կենտրոնում են մնում ահաբեկչությանը դիմակայելու հարցերը: «Լուրջ ուշադրություն ենք հատկացնում միջազգային անվտանգության հրատապ խնդիրներին»,- նկատել է նա:

Նրա խոսքով ընդհանուր առմամբ այն նպատակները, որոնք դրված են եղել ԱԳՆԽ–ի առջեւ, իրականացվել են, փաստաթղթերն էլ քննարկվել են ու հաստատվել: