Այն ավիաընկերությունները, որոնք ըստ մի շարք բողոքների Վերին Լարսի անցակետի փակումից հետ բարձրացրել են ավիատոմսերի արժեքը, հանդիսանում են ոչ ռեզիդենտ ընկերություններ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեից:
«Վերոնշյալի հիման վրա ՀՀ ՏՄՊՊՀ-ն արդեն իսկ դիմել է ՌԴ հակամենաշնորհային ծառայությանն ու ԵՏՄ մրցակցության եւ հակամենաշնորհային կարգավորման հարցերով Հանձնաժողովին՝ խնդրի վերաբերյալ համատեղ ուսումնասիրություն կատարելու նպատակով:
ՀՀ ՏՄՊՊՀ-ը կլինի հետեւողական բարձրացված խնդրի ամբողջական եւ խորը ուսումնասիրման հարցում՝ պարզելու մրցակցային օրենսդրության հնարավոր խախտման երեւույթները ավիափոխադրողների վարքագծում»,-նշել են ՏՄՊՊՀ-ից:
Նշենք, որ ավիատոմսերի գները Վերին Լարսի փակվելուց հետո (հունիսի 23) շուրջ կրկնակի թանկացել են: Օրինակ՝ դեպի Սոչի ավիատոմսի արժեքը հասել է 120 հազար դրամի, միակ ընկերությունը, որ ուղիղ չվերթ է իրականացնում այդ ուղղությամբ, «Աերոֆլոտն» է: Դեպի Կրասնոդար ավիատոմսի արժեքը հասել է 150 հազար դրամի, այդ ուղղությամբ չվերթներ են իրականացնում միայն «Ուրալը» եւ «Յուտեյր Արմենիան»:
Այս առնչությամբ Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը NEWS.am-ին հայտնել էր, որ ռուսական ընկերությունները կոնկրետ ուղղություններով ավիափոխադրումներ իրականացնելու մենաշնորհ ունեն, եւ օգտվելով հանգամանքից, որ Վերին Լարսի անցակետը փակվել է, թանկացնում են ավիատոմսերի գները:





























