Անցած մեկ տարվա ընթացքում խաղաղ հավաքների անցկացման վայրերում ծառայություն իրականացնող ոստիկանների թիվն անհամաչափ մեծ է եղել։ Այս մասին նշվել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեն պատրաստած զեկույցում:
Ըստ այդմ, դիտարկելով 2015 թվականի հունիսի 30-ից 2016-ի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում Երեւանում, Վանաձորում եւ Գյումրիում կազմակերպված 126 հավանքները՝ կազմակերպությունը հավաքների վայրերում ներկա ոստիկանների անհամաչափ մեծաթիվ լինելը «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի սկզբունքների խախտում է որակել։
Ըստ զեկույցի՝ նշված ժամանակահատվածում շարունակվել են խաղաղ հավաքների մասնակիցների անհարկի ձերբակալությունները, որոնց նպատակը եղել է անձանց՝ տվյալ հավաքներին մասնակցությունը խափանելուն։
«2015 թվականի հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում «Էլեկտրիկ Երեւան» հավաքի ընթացքում ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունների առիթով հարուցված քրեական գործը դեռ գտնվում է նախաքննության փուլում:
Որեւէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել նաեւ 2015 թ. հունվարի 15-ին Ազատության հրապարակում՝ ի հիշատակ Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի կազմակերպված մոմավառություն-հավաքը դադարեցնելու եւ մասնակիցներին անհիմն բերման ենթարկելու համար: Համաձայն ուսումնասիրության՝ խաղաղ հավաքներին մասնակցում են նաեւ քաղաքացիական հագուստով ոստիկաններ, որոնք, ի տարբերություն նախորդ տարիների, դիտարկվող այս ժամանակահատվածում բռնություն չեն կիրառել հավաքի մասնակիցների նկատմամբ»,-ասված է զեկույցում: ըստ այդմ, նշվել է. «Խաղաղ հավաքների անցկացման վայրերում ծառայություն իրականացնող ոստիկանների համազգեստին առկա չեն լինում տարբերանշաններ, ավելին՝ հավաքների վայրերում հաճախ ներկա են լինում առանց համազգեստի ոստիկաններ: Այս հանգամանքը կարող է հետագայում դժվարացնել նրանց նույնականացման գործընթացը»:
Հելսինկայն կոմիտեն ոստիկանությանը հորդորում է ձեռնպահ մնալ անհամաչափ ուժի եւ բռնության կիրառումից, անհարկի եւ չարդարացված ձերբակալություններից։





























