Չի բացառվում, որ  նորաստեղծ ԳԱԼԱ կուսակցությունը եւ «Ժառանգությունը» միասնական թեկնածուով մասնակցեն հոկտեմբերին սպասվող Գյումրիի քաղաքապետի ընտրություններին։ NEWS.am-ին հայտնի է դարձել,  որ քննարկումներ են ընթանում «Ժառանգության» ԳԱԼԱ-ի եւ «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանի միջեւ։ Կողմերը քննարկում են միասնական թեկնածուով մասնակցելու հարցը։ Դեռեւս հստակ չէ համամասնական ցուցակը գլխավորող թեկնածուի անունը։  «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ  օրեր առաջ կողմերը հանդիպել են եւ քննարկել հարցը։

«Մենք հնարավորություն ենք տեսնում Գյումրիում միասնական ընդդիմադիր ցուցակով մասնակցել։ ԳԱԼԱ-ի եւ «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանի հետ հանդիպում եղել է եւ մնացածը կտեսնենք, ժամանակից առաջ չընկնենք։ Աշխատում ենք այդ ուղղությամբ, որ միասնական ցուցակով մասնակցենք»,-ասաց Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետի ընտրությունները հոկտեմբերի 2-ին են։ Թեեւ խորհրդարանական ու արտախորհրդարանական գրեթե բոլոր առանցքային ուժերը մասնակցելու վերաբերյալ հայտարարել են, սակայն ձեւաչափը դեռեւս քննարկվում է։ ԳԱԼԱ-ի հետ համախմբվելու  հարցը քննարկվում էր նաեւ Հայ ազգային կոնգրեսում։ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը մոտ մեկ ամիս առաջ NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ քննարկվում է հարցը։ Ամենայն հավանականությամբ այն անպտուղ է եղել։ Նշենք, որ «Ժառանգությունում» բացառում են ՏԻՄ ընտրություններում ՀԱԿ-ի հետ համախմբումը։