Շիրակի մարզի Մարմաշեն, Վահրամաբերդ եւ Կապս համայնքների բնակիչները, որոնք նախօրեին տուժել են կարկուտից, այսօր՝ հուլիսի 5-ին, վաղ առավոտից փակել էին Գյումրի տանող ճանապարհը՝ պահանջելով իշխանություններից փոխհատուցում:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ գյուղացիները բողոքում են, քանի որ երեկ հորդառատ անձրևն ու լորի ձվի մեծության հասնող կարկուտը վնասել է իրենց ցանքատարածությունները:
«Մեր տերն ո՞վ է, փակել ենք ճանապարհը, որ խելքի գան, գյուղացուն հասնին օգնության, հո մենակ հարկ վերցնելով չէ, սաղ եղած բերքը սրբեց, տարավ կարկուտը»,- ասել է վահրամաբերդցիներից մեկը:
Գյուղացիների խոսքով՝ իրենք 160 դրամով ցորեն էին առել, մինչդեռ այսօր առանց բերք են մնացել. «Հակակարկտային կայանը կաշխատի, երբ կարկուտը եկել, պրծել է: Գարի ցանել եմ, կարտոֆիլ ցանել եմ, ցորեն ցանել եմ, իսկ կարկուտը եկավ ու սաղ դաշտս դարձավ անասնակեր, թող մե գան ու տեսնինք՝ ինչ պիտի լինի»,- նշել են նրանք:
Նախօրեին տեղացած ուժեղ կարկուտը, ըստ գյուղացիների, հողին է հավասարեցրել ամբողջ բերքը: Մոտ մեկ ժամ ճանապարհը փակ պահելուց հետո գյուղացիները բացեցին այն պայմանով, որ մարզպետը հարցը կբարձրացնի Կառավարությունում:
Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ կարկուտից տուժած գյուղացիների հետ վաղը կհանդիպի, կքննարկի խնդիրը:
«Ես վաղը նրանց կընդունեմ, կլսեմ, իսկ մինչ այդ հանձնաժողովը կուսումնասիրի խնդիրը, կպարզի վնասի չափերը, հակակարկտային կայանների հարցերը կուսումնասիրվեն, ապա կարող ենք հասկանալ ինչ անել»,- ասաց Շիրակի մարզպետը:
































