Մեքենաների առքուվաճառքով զբաղվող գործարար Բաղդասար Խալաթյանի որդուն նույնպես մեղադրանք է առաջադրվել անձի առեւանգման եւ խոշտանգման համար: Նա կալանավորված է:
Ըստ նախաքննության, Հովհաննես Խալաթյանը հոր պահանջով Կարեն Վարդանյանի հետ Շենգավիթ համայնքից 2015թ. փետրվարի 10-ին առեւանգել է Արարատ Մանուկյանին եւ տեղափոխել իրենց ընտանիքին պատկանող տաքսի ծառայության գրասենյակի 1-ին հարկում գտնվող սենյակ, որտեղ նրան պահել են 18 օր եւ խոշտանգել։ Այս մասով նախաքննությունն ավարտվել է եւ գործը միացվել է ընդհանուր գործին:
Նշենք, որ Բաղդասար Խալաթյանի եւ Կարեն Վարդանյանի մասով գործը դատարան էր ուղարկվել դեռեւս անցած տարի: Այն ժամանակ Խալաթյանի որդուն մեղադրանք չէր առաջադրվել։ Քննիչը միայն այժմ է որոշել նրան նույնպես ներգրավել որպես մեղադրյալ եւ կալանավորել։
Ըստ մեղադրական եզրակացության՝ մեղադրյալները Արարատ Մանուկյանին ապօրինաբար ազատությունից զրկել են եւ մահակով առանձնակի դաժանությամբ ծեծի ենթարկել։ Բացի դրանից Կարեն Վարդանյանի օժանդակությամբ Բաղդասար Խալաթյանը հափշտակել է 19 մլն դրամ արժողությամբ ավտոմեքենա:
Նշենք, որ գործարար Բաղդասար Խալաթյանն առաջին անգամ չէ, որ հայտնվում է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում: 2014թ.-ի ամռանը նրա կինը ծեծի էր ենթարկել իր հարսի ծնողներին, որից հետո ծեծի ենթարկվածները հաղորդում էին ներկայացրել ոստիկանություն: Վեճի եւ ծեծկռտուքի պատճառը նրանց թոռնիկն է եղել՝ 5-ամյա Աննան: Պարզվել է, որ դեպքից օրեր առաջ գործարարի որդին՝ Հովհաննես Խալաթյանը, տնից վռնդել էր կնոջը, սակայն ցանկանում էր իր մոտ պահել երեխային՝ զրկելով կնոջը մայրական իրավունքից: Արմինեն վերցրել էր երեխային եւ հեռացել քաղաքից: Հենց այդ պատճառով էլ դեպքի օրը գործարարն ու իր կինը եկել են խնամիների տուն, վիճել, ինչի պատճառով էլ բերման էին ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին: Քրեական գործն ավելի ուշ կարճվել էր։
Բացի դրանից, դեռ 2007թ.-ին մեքենաների առքուվաճառքով զբաղվող գործարարը հողատարածքի համար վիճել էր քանդակագործ Վաչագան Մանսուրյանի կնոջ հետ եւ ծեծի ենթարկել նրան: Դեպքից անմիջապես հետո Խալաթյանը թղթեր էր ձեւակերպել՝ իբր թե տարածքն օգտագործելու է խաղահրապարակ կառուցելու համար: Այսօր այդ վայրում գործարարի առանձնատունն է:





























