Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկ ամիս առաջ գովաբանեց Ստամբուլի նվաճումները, սակայն հզորության մասին տեսլականը կոտրվում է տխուր իրականության առջեւ: Այս մասին գրում է New York Times պարբերականը:
Էրդողանը, որը երկար ժամանակ հայտարարում էր «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականության մասին, հիմա, կարծես, վիճել է գրեթե բոլորի հետ: Քուրդ ապստամբներն ու Իսլամական պետության զինյալները 2015 թվականի ընթացքում Թուրքիային 14 հարված են հասցրել, 280 մարդ է զոհվել: Տուժել է նաեւ տնտեսությունը. հարձակումները վախեցնում են զբոսաշրջիկներին:
Էրդողանն ավելի ու ավելի է հեռանում հին դաշնակիցներին, օրինակ՝ Միացյալ Նահանգներից, տարիներով հրաժարվելով Իսլամական պետության դեմ խիստ քայլեր ձեռնարկելուց: Նա իրենից հեռացրեց նաեւ Մոսկվային, երբ թուրքական օդուժը խոցեց ռուսական կործանիչը, որը, թուրքական կողմի հավաստմամբ, ներխուժել էր Թուրքիայի օդային տարածք: «Էրդողանն այնքան մենակ է մնացել, որ անցյալ շաբաթ որոշել հաշտություն կնքել Ռուսաստանի եւ Իսրայելի հետ: Կարծում եմ՝ դա ցույց է տալիս, որ ղեկավարությունը հուսահատված է»,- հայտարարել է Ստոքհոլմի համալսարանի թուրքական հետազոտությունների ինստիտուտի հրավիրյալ դասախոս Չենգիզ Չանդարը:
Նախկինում Էրդողանը Թուրքիան քարոզում էր որպես մահմեդական ժողովրդավարության մոդել: Հիմա նա պարբերական հարձակվում է ժողովրդավարական հաստատությունների վրա: Թուրքական խոշորագույն օրաթերթի գլխավոր խմբագիրը փախել է երկրից, մեկ այլ խմբագրի դատում են՝ պետական գաղտնիք բացահայտելու մեղադրանքով: Նախագահը մաքրումներ է կատարում նաեւ սեփական շրջանակում:
Նա գրեթե ամեն օր թուրքական հեռուստատեսությամբ ակնարկում է, որ օտարերկրյա ուժերը ցանկանում են ոչնչացնել իրեն: Անկարայի կենտրոնում գտնվող համեստ բնակարանից նա տեղափոխվել է արաբական շեյխերի ոճով շքեղ պալատ: Հիմա էլ ցանկանում է Թուրքիան խորհրդարանականից նախագահական պետության վերածել:
Էրդողանին համարում են Թուրքիայի ամբողջ պատմության մեջ ամենատաղանդավոր քաղաքական գործիչներից մեկը: Նրան հաջողվեց այն, ինչը չի կարողացել անել ոչ ոք. առաջ մղվել Թուրքիայի դասակարգային-էլիտար քաղաքական համակարգի միջոց, զսպել զինվորական շրջանակների հավակնությունները, պարզեցնել բյուրոկրատիան:
Նրա ղեկավարության առաջին տարիներին տնտեսությունը վերելք ապրեց, մարդկանց եկամուտները կտրուկ աճեցին: Այս ամենի հետ միասին՝ նաեւ նրա ժողովրդականությունը: Բայց նրա քննադատները եւ նույնիսկ համակիրներն ասում են, որ նա այնքան տարվեց թշնամիների դեմ պայքարով՝ ե՛ւ իրական, ե՛ւ երեւակայական, որ կորցրեց իրականության զգացողությունը եւ տրվեց կայսերական պատրանքների:
Էրդողանի աքիլեսյան գարշապարը տնտեսությունն է: Չնայած ընտրողները սիրում են նրան, բայց իրենց դրամապանակն ավելի են սիրում: Իսկ եկամուտներն արդեն իմ քանի տարի է՝ չեն աճում, արտասահմանյան ներդրումները՝ նույնպես:





























