Սելավից տուժած արթիկցիները պնդում են, որ քաղաքապետարանից իրենց վախեցրել են՝ պահանջելով հարցազրույցներ չտալ լրատվամիջոցներին:
NEWS.am-ի թղթակցին արթիկցներն ասել են, որ քաղաքապետ Արսեն Աբրահամյանը պահանջել է այլեւս հարցազրույց չտալ, հակառակ դեպքում կզրկվեն իրենց տներից:
«Մեզ եկել ու քաղաքապետարանից ասել են, որ եթե շարունակենք բողոքել, կզրկվենք մեր տներից, փոխհատուցումից»,- ասել են արթիկցիները:
Նշենք, որ կառավարությունը որոշում է կայացրել տուժած քաղաքացիների փոխհատուցում տրամադրելու մասին: Արթիկցիները դժգոհ են փոխհատուցման չափից, իսկ Արթիկի քաղաքապետն անընդհատ պնդում է, որ գումարը բավարար է, իսկ արթիկցիները չափազանցում են վնասի չափը։ա
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին վարարել էր Ղարանղու գետը, խոշոր գլաքարերի կուտակումներ էին առաջացել Մովրովի եւ Բմբուլենց սելավատարերում, ինչի հետեւանքով ջրալցվել էին Արթիկի փողոցները:
Ջրալցվել էր նաեւ Արթիկի թիվ 2 մանկապարտեզը, որտեղից փրկարարները դուրս էին բերել 70 երեխայի եւ 27 աշխատակցի, որոնց տեղափոխել էին անվտանգ տարածք, իսկ ջրալցված 13 շենք շինություններից՝ 60 բնակչի, որոնք տեղափոխվել էին հարազատների բնակարաններ:





























