Կրեմլում խոստացել են քննել ազգային գվարդիայի մասին օրենսդրական փաթեթի շուրջ առաջացած իրադրությունը: Պետդումայի կողմից ընդունված եւ պաշտոնական կայքում հրապարակված տեքստը տարբերվում է նախագահի կողմից ստորագրվածից. տարբերությունը զենքի լիցենզիայի գործողության ժամկետների մեջ է: «Զենքի մասին» օրենքում փոփոխությունների տարբերության մասին ՌԲԿ-ի հարցին ի պատասխան ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ ավելի ուշ կտեղեկացնի արդյունքների մասին:

Meduza-ի փոխանցմամբ, փաստաթղթերում հակասությունը գրավել է Dirty.ru կայքի Veam անունով օգտատիրոջ ուշադրությունը:

Հրապարակված երկու տարբերակներից հետեւում է, որ Պետդուման եւ նախագահն Ազգային գվարդիայի ստեղծման հետ կապված տարբեր օրենքներ են հավանության արժանացրել:

Օրենքի համաձայն՝ քննարկումների փուլում օրենսդրական փոփոխություններ կարող է ընդունել միայն Պետդուման, երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ: Դաշնային խորհուրդը կարող է կա՛մ մերժել դրանք եւ ստորին պալատի հետ հատուկ հանձնաժողով ստեղծել, կա՛մ ընդունել: Նախագահը կարող է կա՛մ ստորագրել օրենքը, կա՛մ վետո դնել օրենքի ընդունման վրա: