Վանաձորում ՌԴ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամի սպանության գործով «Փաստինֆո»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել:
Պարզվում է, որ սպանված ֆիզիկոս Արմեն Մնացականյանի ընկերն է թղթադրամ տվել անհատ ձեռներեցին՝ այն մանրելու համար. խոսքը գնացել է 5000 ՀՀ դրամի մասին, և տղամարդը կասկածել է, որ իրեն վերադարձված գումարն ավելի քիչ է եղել: Հենց այստեղ էլ վիճաբանություն է ծագել:
Սպանված ֆիզիկոսը 2 ընկերների և անհատ ձեռներեցի հետ գնացել են Վանաձորում գտնվող մի հանդամաս՝ «հարցեր պարզաբանելու», հնչել են կրակոցներ, անհատ ձեռներեցը իր մոտ գտնվող հրազենով կրակ է բացել գումարն իրեն մանրելու նպատակով տված տղամարդու ուղղությամբ, սակայն նրան չի կպել:
Հնչած կրակոցների ձայնը լսելով՝ նրանց է մոտեցել ֆիզիկոսը, որպեսզի հանդարտեցնի վիճաբանությունը, սակայն անհատ ձեռներեցը կրակել է նրա ուղությամբ:
ՌԴ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ, ֆիզիկոս Արմեն Մնացականյանը վիրավորում է ստացել կրծքավանդակի շրջանում, սակայն հիվանդանոց տեղափոխվելուց հետո նրան կյանքը չի հաջողվել փրկել, իսկ անհատ ձեռներեցը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վանաձորում հուլիսի 3-ին տեղի է ունեցել սպանություն: Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափովել ՌԴ քաղաքացի Արմեն Մնացականյանը: Արմենը վերջերս էր Վանաձոր եկել մորը տեսակցելու:





























