Պետք է բարձրացվի ընտանիքների անապահովության գնահատման համակարգի հասցեականությունն ու արդյունավետությունը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 6-ին, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում ընտանիքների անապահովության գնահատման համակարգի եւ ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների հասցեականության բարձրացման խնդիրների քննարկման ժամանակ նշել է նախարար Արտեմ Ասատրյանը:
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արտեմ Ասատրյանը կարեւորելով քննարկման թեման, նշել է, որ այն սոցիալական պաշտպանության ոլորտի կարեւորագույն ծրագրերից մեկն է. «1999թ. ներդրված համակարգը պետք է ավելի կատարելագործվի, պետք է բարձրացվի համակարգի հասցեականությունն ու արդյունավետությունը եւ համապատասխանեցվի ներկայիս սոցիալ-տնտեսական իրողություններին»: Նրա խոսքով, Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտում ստեղծվել է օղակ, որն այսուհետ զբաղվելու է տնային տնտեսությունների ամբողջացված հետազոտությունների վերլուծությամբ եւ ուսումնասիրությամբ:
Նախարարը նաեւ անդրադարձել է վերջին տարիներին նպաստների համակարգում կատարված բանաձեւերի, գործակիցների փոփոխություններին եւ վստահություն հայտնել, որ այդ խնդիրները համալիր լուծման արդյունքում ցանկալի արդյունք կտան:
Հանդիպման ընթացքում Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոնը ներկայացրել է «Օքսֆամ» հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ իրականացրած «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրի գնահատման զեկույցը, որի նպատակը պետական բյուջետային ծրագրերի իրազեկվածության մակարդակի բարձրացումն է եւ համագործակցությունը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Մասնավորապես, ներկայացվել է Հայաստանում աղքատության եւ առողջապահական պատկերը, նպաստառուների կենցաղային պայմանները, եկամուտներն ու ծախսերը, ներկայացվել են նաեւ առաջարկություններ:
Նախարար Արտեմ Ասատրյանը գնահատելով կատարված հետազոտությունը, նշել է, որ բարձրացված խնդիրների հիմնական մասին նախարարությունը թեեւ ծանոթ է, սակայն անկախ գնահատումը եւս օգտակար կլինի համակարգի հետագա փոփոխությունների համար:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են սոցիալական աջակցության ծրագրերի տրամադրման գործընթացի ներդաշնակեցման հարցերը, Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ընտանիքների անապահովության վիճակագրական գնահատման բաժնի կողմից կատարված աշխատանքները:
Քննարկվել են «բացակա» եւ «հարգելի բացակա» անդամ ունեցող ընտանիքների ուսումնասիրությունների արդյունքները եւ ներկայացվել ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Ամփոփելով քննարկումը՝ նախարար Արտեմ Ասատրյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին մասնակցության եւ կատարված աշխատանքների համար եւ հանձնարարել տասնօրյա ժամկետում բարձրացված հարցերը եւ հնչած առաջարկությունները ի մի բերել եւ նախանշել առաջիկա անելիքները:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյաներ, Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ինստիուտի, «Օքսֆամ» հայաստանյան մասնաճյուղի եւ Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչներ:





























