16-ամյա Խաչիկ Ղազանչյանի սպանության մեջ մեղադրվող Սուրեն Մուրադյանը դատահոգեբուժական, դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննության կենթարկվի։ Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ հուլիսի 6-ին, նման որոշում կայացրեց՝ բավարարելով Սուրեն Մուրադյանի պաշտպանի միջնորդությունը։
Պաշտպանը միջնորդությունը հիմնավորեց նրանով, որ Սուրենը տառապում է վարքի և հույզերի խառը խանգարումներով, գրանցված է Ավան հոգեբուժական կլինիկայում, ենթակա չէ զինվորական ծառայության։
Փորձաքննությունը պետք է պարզի՝ արդյոք Սուրեն Մուրադյանը սպանության պահին եղել է աֆեկտի, կամ այնպիսի վիճակում, որը կազդեր այնքան, որ չգիտակցեր, թե ինչ է անում։
Հիշեցնենք, որ Սուրեն Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հունվարի 6-ին, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Խաչիկ Ղազանչյանին սպանելու դիտավորությամբ իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր կենսական կարեւոր նշանակություն ունեցող մասերին` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ, որոնցից նա դեպքից մոտ մեկ ամիս անց մահացել է:





























