Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը վստահեցնում է, որ ինքը չի տիրապետում ոչ մի տեղեկատվության, ըստ որի իր նախորդը՝ Գագիկ Խաչատրյանը նպաստել է իր որդիների հարստանալուն:
«ՊԵԿ-ի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո ուսումնասիրել եմ իմ գերատեսչության վերաբերյալ փաստաթղթերը: Չկար մի նյութ, մի տեղեկատվություն, որ նա կարող էր նպաստել իր տղաների հարստացմանը»,- այսօր՝ հուլիսի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Հովհաննես Հովսեփյանը:
Անդրադառնալով լուրերին, որ կոմիտեն ազատվում է Գագիկ Խաչատրյանի կադրերից, Հովհաննես Հովսեփյանը նշեց, որ դա նորմալ երույթ է:
Պահանջը, մոտեցումները մարդկանց վստահության տարբեր են լինում: Ես սկսում եմ աշխատել մարդկանց հետ, որոնց վստահում եմ: Այնքան նորմալ է, որ երբ որ Գագիկ Խաչատրյանը ստանձնել է իր նախորդի պաշտոնը, նրա մարդիկ էլ դիմում են գրել կամ չեն ցանկացել աշխատել Գագիկ Խաչատրյանի հետ»,- ասել է նա:
Հովհաննես Հովսեփյանը, անդրադառնալով սեփական ունեցվածքին, նշել է, որ ինքը հարուստ ընտանիքից է, եւ երբ ստանձնել է իր պաշտոնները պետական ապարատում, հայտարարագրում այդ ունեցվածքը եղել է:
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Գագիկ Խաչատրյանի որդիները 2010թ. շքեղ, 11 մլն դոլար արժողությամբ առանձնատուն են գնել Լոս Անջելեսի Վեսթվուդ (Westwood) թաղամասում: Գագիկ Խաչատրյանն ասել է, որ որդիները բիզնեսով են զբաղվում ու դրա շնորհիվ են այդքան գումար կուտակել:





























