Ռուսաստանի սահմաններից դուրս ռուսական բովանդակությունը սիրում են ոչ թե լեզվի, այլ դրա վրա արված որակյալ աշխատանքի համար: Այս մասին հուլիսի 7-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի կապի եւ զանգվածային հաղորդակցոթյան փոխնախարար Ալեքսեյ Վոլինը՝ պատասխանելով ԱՊՀ երկրներում ռուսալեզու բովանդակության հարցում քաղաքականության մասին հարցին:

«Մենք հարգում ենք մայրենի լեզուն պահպանելու եւ զարգացնելու՝ այդ երկրների ձգտումը: Միաժամանակ, մենք տեսնում ենք, որ ռուսալեզու բովանդակության պահանջարկը շարունակում է բարձր մնալ: Մենք նաեւ տեսնում ենք, որ որոշ այլ երկրներ, նույնիսկ՝ ԱՊՀ տարածքից դուրս, քայլեր են ձեռնարկում՝ ռուսալեզու բովանդակության սահմանափակման համար: Միանգամից ասեմ՝ դա անիմաստ է:

Տվյալների փոխանցման ժամանակակից տեխնոլոգիաները բովանդակությունը հասանելի են դարձնում յուրաքանչյուր ցանկացողի: Իսկ ռուսալեզու բովանդակությունը պահանջարկ ունի ոչ այն պատճառով, որ այն ռուսերեն է, այլ որովհետեւ մեծ ներդրում է արվում դրանում եւ այն իսկապես որակյալ է»,- հավելել է Վոլինը: