Տավուշի մարզում հունիսի 20-ին հորդառատ անձրեւների հետեւանքով վարարած Տավուշ գետը կամուրջներ է քանդել, փոխել հունը:
Գյուղացիները NEWS.am-ի հետ զրույցում ասացին, որ գետի ջուրը լցվել է որոշ ցանքատարածություններ:
«Ցուրտը տարել էր, կարկուտը տարել էր, հիմա էլ հեղեղը: Մոստերը քանդվել են, դրանցով մեր անասուններին էին տեղափոխում, հիմա էլ ինչ անենք, անասուններին պետք է վերացնենք»,- ասաց գյուղացիներից մեկը:
Գյուղացիները հույս չունեն, թե կփոխհատուցվեն կրած վնասների դիմաց, չեն էլ ցանկանում բարձրաձայնել դրանց մասին:
«Որ համեմատում ենք Արթիկի դեպքերի հետ, լավ ենք պրծել: Մարդիկ անտուն են մնացել, մենք ո՞նց դիմենք էս հարցով»,- նշեց մեկ ուրիշ այգեպարցի:
Նշենք, որ հունիսի 24-ին Արթիկը լուրջ վնասներ էր կրել հորդառատ անձրեւներից: Սելավն իր հետ խիճ ու քարեր էր բերել, խցանել սելավատարը, ջուրը լցվել էր տներ, մանկապարտեզ: Տներն այս պահին բնակելի չեն:





























