«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր գործընկերությամբ  հունիսի 18-ից  հուլիսի  7-ը կայացել է Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը, որի հանդիսավոր փակման պատիվը տրվել էր «Հովեր-Սեպտետ» անսամբլին (գեղարվեստական ղեկավար եւ խմբավար՝ ՀՀ վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյան):

ՎիվաՍել-ՄՏՍ-ից NEWS.am-ին հայտնում են, որ խումբը ձեւավորվել է 2011թ.-ին՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի մեներգիչներից: Անսամբլի երգացանկում ընդգրկված են Կոմիտասի՝ արական կազմի համար գրված պատարագը, աշխարհիկ խմբերգերը, ժողովրդական մի շարք երգերի մշակումները: Կան նաեւ արեւմտաեվրոպական դասական ու ժամանակակից ստեղծագործություններ: Փառատոնի փակման ծրագրում հնչեցին Կոմիտաս, Սայաթ-Նովա, Ա. Պիարտ, Ք. Պենդերեցկի, Ա. Ավանեսով:

«Սերունդներին ոգեղեն սնունդ մատուցելն ամենագրագետ ռազմավարությունն է: Այն ձեւավորում է մարդու զգայական ներքնաշխարհը, ստիպում գեղեցիկ մտածել եւ վեհ նպատակներ ունենալ: Փորձեք երաժշտության միջոցով ունկնդրին ներկայացնել մարդկային բոլոր ապրումները. սերը, հուզմունքը, անգամ՝ զայրույթը... Միեւնույնն է՝ ընդամենը յոթ նոտայի միջոցով փոխանցվող ստեղծագործությունը կատարյալ է լինելու: Ուզում եմ հավատալ, որ փառատոնն այս տարի եւս ծառայեց համամարդկայինը գնահատելու՝ իր նպատակին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Որպես գլխավոր գործընկերը, Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցության իր առաքելությունը ստանձնել է 2006թ.-ից: Ամենամյա փառատոնի կազմակերպման նպատակով ընկերությունն այդ ընթացքում հատկացրել է 119.5 միլիոն դրամ: