«Ես, մեր կուսակցությունը եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները դեմ են, որ ԼՂ անկախության հարցի քննարկումներ սկսվեն»,- հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած մամուլի աուլիսի ժամանակ հայտարարեց «Արցախ» հայրենակցական միության նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը՝ անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության կողմից խորհրդարան ներկայացված համապատասխան օրինագծի թեմային։

Նա իր այս համոզմունքը հետեւյալ կերպ հիմնավորեց. «Այսպես եմ մտածում մի շարք պատճառներով։ Ի վերջո, եթե հարմար պահ լինի, անպայմանորեն կճանաչենք։ Բայց եթե այսօր կողմ քվեարկենք օրինագծին, դա Ադրբեջանի ձեռքին, զենք չասեմ, մի պատրվակ կդառնա, որով այդ երկիրը գործին վնասող աղմուկ-վայնասուն կբարձրացնի»: Նա սակայն, չհստակեցրեց, թե ե՞րբ է լինելու ԼՂ անկախությունը ճանաչելու համար հարմար պահը եւ լինելո՞ւ է, արդյոք:

Նրա խոսքով, մեզանում կան ուժեր, որոնց համար Ղարաբաղը ոչ թե նպատակ է, այլ միջոց։ «Այս հարցը առանձին անհատների եւ քաղաքական ուժերի որոշելիք հարց չէ, այլ համաժողովրդական նշանակություն ունի»,- ընդգծեց ՀՀԿ-ական պատգամավորը։

Նշենք, որ «Ժառանգություն» կուսակցությունն առաջարկել է հետաձգել Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման իր նախաձեռնած օրինագծի քվեարկությունը մինչեւ հաջորդ քառօրյա՝ հոկտեմբերի 25-29-ը: Այդ մասին Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարել էր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: