Հոկտեմբերի 5-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 6-րդ կոմիտեում օրակարգի 107 Measures to eliminate international terrorism կետի ներքո քննարկումներին մասնակցել են Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակները: Ելույթ ունենալով` Ադրբեջանի պատվիրակությունն, ինչպես միշտ,  փորձել է մեղադրանքներ հնչեցնել Հայաստանի հասցեին` իր երկրի հանդեպ «ահաբեկչական գործողություններ» իրականացնելու համար:

Դրան ի պատասխան Հայաստանի պատվիրակն, օգտվելով իր պատասխանի իրավունքից, հայտարարել է, որ անթույլատրելի է համարում Ադրբեջանի անհիմն մեղադրանքները, որոնք վերջինս օգտագործում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումից խուսափելու համար:

Ադրբեջանի պատվիրակությունը կրկին ձայն վերցնելով` հանդես է եկել Հայաստանի կողմից «ագրեսիայի» եւ «օկուպացիայի» մեղադրանքներով: Ի պատասխան, ՀՀ ներկայացուցիչը, օգտվելով իր երկրորդ պատասխանի իրավունքից, ներկաների ուշադրությունն է հրավիրել նրա վրա, որ Ադրբեջանը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը` Հայաստանը ներկայացնելով որպես պատերազմի հրահրիչ: Այնինչ Ադրբեջանն է սկսել պատերազմը` պատժելու ԼՂ ժողովրդին իր արդարացի եւ օրինական ընտրության համար եւ հրաժարվում է բանակցել ԼՂՀ իշխանությունների հետ` հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով: