113 տարեկանում մահացել է Մեծ Բրիտանիայի ամենատարեց բնակչուհին՝ Գլեդիս Հուփերը, որը կյանքի վերջին տարիներն անցկացնում էր Ռայդ քաղաքի տարեցների տուն-ինտերնատում: Հունվարի 18-ին նա նշել էր ծննդյան 113-րդ տարեդարձը:

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, Հուփերը ռեկորդ է սահմանել անցյալ տարի՝ դառնալով աշխարհի ամենատարեց մարդը, որին կոնքազդրային հոդի փոխպատվաստման վիրահատություն են արել: Հուփերը ծնվել է 1903 թվականին, Լոնդոնում:

Ազգային վիճակագրական ծառայության՝ 2014 թվականի տվյալներով, Մեծ Բրիտանիայում 100 տարեկանն անց ավելի քան 14.4 հազար մարդ էր բնակվում, որոնցից 780-ը՝ 105 եւ ավելի տարեկան:

Աշխարհի ամենատարեց մարդը համարվում է Իտալիայից Էմմա Մորանոն, որն անցյալ տարվա նոյեմբերին 116 տարեկան դարձավ:

Հուփերի մահից հետո Մեծ Բրիտանիայի ամենատարեց մարդը Ռոթերեմից 112-ամյա Բեսսի Քամն է: