Մեծ Բրիտանիայի Միացյալ բարեփոխական եկեղեցին (URC) կողմ է քվեարկել իր տարածքներում նույնասեռական զույգերի պսակադրության արարողություն կատարելու թույլտվությանը: Որոշումը կայացվել է Մերսիսայդ կոմսությունում URC-ի գլխավոր վեհաժողովի համագումարի ժամանակ:

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, որոշման համաձայն, յուրաքանչյուր եկեղեցական ծուխ ինքնուրույն պետք է վճռի, նման արարողություն անցկացնել, թե՞ ոչ:

Եկեղեցու ներկայացուցիչների կարծիքով, նույնասեռական զույգերի առաջին պսակադրությունները կանցկացվեն արդեն աշնանը:

URC-ը բողոքական եկեղեցի է Անգլիայում եւ Ուելսում, որը կազմավորվել է 1972 թվականին:

Միացյալ բարեփոխական եկեղեցին ավելի քան 1500 ծուխ եւ 68 հազար ծխական ունի: