Իսրայելցի հնագետները 2013 թվականին Աշկելոն քաղաքում գտնված մարդկային մասունքների ԴՆԹ-ի եւ ռադիոածխածնային անալիզ են կատարում, որպեսզի բացահայտեն հնագույն փղշտացիների ծագումը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: Այդ անհետացած ժողովուրդը մ.թ.ա 1200-600 դարերում բնակվում էր Իսրայելի ափամերձ հատվածում՝ ժամանակակից Թել Ավիվից մինչեւ Գազա: Փղշտացիների մասին քիչ բան է հայտնի: Հին Կտակարանում նշվում է փղշտացիների մասին։ Մասնավորապես աստվածաշնչյան ավանդությունը պատմում է արտակարգ ուժի տեր մարտիկի՝ Գողիաթի մասին, ում սպանեց Դավիթը՝  հրեաների եւ Իսրայելի արքան:

Գիտական արշավախմբի ղեկավարներից Դենիել Մաստերը, լրագրողներին պատմել է, որ փղշտացիների մասունքների հայտնաբերումը բացառիկ հնարավորություն է տալիս հասկանալու, թե որտեղից է ծագել այս հնագույն ժողովուրդը: «Ունենալով 145 մասունքներ, մենք հուսով ենք իմանալ ոչ միայն նրանց թաղման ավանդույթները, այլ նաեւ նրանց ոսկորներից հասկանալ, թե ինչպես են ապրել»,- ասել է Մաստերը AFPßi հետ զրույցում:

Հայտնի է, որ փղշտացիների լեզուն պատկանել է հնդեվրոպական լեզվախմբին, եւ որ նրանք զբաղվել են առեւտրով: «Միանգամայն պարզ է այն, որ նրանք այս տարածաշրջանում օտարերկրացիներ են եղել»,-նշում է Մաստերը: Որոշ մասնագետներ գտնում են, որ փղշտացիներին բնորոշ սեւ-կարմիր նախշերը խեցեղենի վրա վկայում են այն մասին, որ նրանք պատկանել են Միկենյան քաղաքակրթությանը, որը ծաղկում է ապրել Էգեյան տարածաշրջանում: