Պատահական չէ, որ հեղափոխական դրոշները հաճախ կարմիր են լինում: Նման կարծիք են հայտնել ամերիկացի գիտնականները, որոնց հետազոտությունը հաստատել է, որ կարմիր գույնն ընդունակ է ուժգնացնել հեղափոխական տրամադրությունները:
Planet-today-ի փոխանցմամբ՝ հետազոտության վերաբերյալ հոդվածը հրապարակվել է Journal of Consumer Psychology-ում։ Շամպեյն քաղաքի (Իլինոյսի նահանգ) համալսարանի աշխատակիցները պատահաբար են ուշադրություն դարձրել կարմրի գույնի արտասովոր հատկության վրա, երբ նրանց են դիմել ոչ առեւտրային կազմակերպության ներկայացուցիչները, որոնք օնլայն ռեժիմով հոգեբանական աջակցություն են ցուցաբերում դեռահասներին: Գործունեության նման տեսակին ուղեկցող խնդիրն այն էր, որ շատ են եղել այն գրառումները, որոնք արվում էին օպերատորին «մատների վրա խաղացնելու» համար: Գիտնականնեը հոգեբաններին առաջարկել էին վեբկայքի թեմայի ձեւավորումը փոխել կարմիրի: Դա, մասնագետների կարծիքով, պետք է վախեցներ կատակասերներին, քանի որ կարմիրը ավանդաբար համարվում է արգելող գույն: Սակայն ստացվել էր միանգամայն հակառակ արդյունք՝ կեղծ գրառման հեղինակների թիվը միայն ավելացել էր։ Երեւույթը հետաքրքրել էր գիտնականներին եւ հանգեցրել լրացուցիչ հետազոտությունների, որոնք հաստատում են, որ կարմիրը զգալիորեն ուժգնացնում է հակահասարակական մտադրությունները, եթե իհարկե, ի սկզբանե դրանք եղել են: Այդ իսկ պատճառով կարմիրի օգտագործումը ծխելու դեմ պայքարի կամ անվտանգ սեքսի քարոզչության ակցիաներում անարդյունավետ է:



























