Հուլիսի 11-ին ՀՀ-ում Եթովպիայի նորանշանակ դեսպան Գրում Աբայ Թեշոմեն (նստավայրը` ք. Մոսկվա) իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանին:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարարի տեղակալը նշեց, որ Հայաստանի եւ Եթովպիայի միջեւ պատմական, կրոնական եւ մշակութային կապերն ամուր հիմք են ստեղծում երկկողմ հարաբերությունների զարգացման համար: ԱԳ նախարարի տեղակալը միաժամանակ համոզմունք հայտնեց, որ դեսպանն իր նշանակալի ներդրումը կունենա տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցության առավել խորացման եւ ամրապնդման գործում:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի, մասնավորապես, կրթության, մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին եւ այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին:

Երկուստեք ընդգծվեց միջազգային կառույցներում փոխգործակցության կարեւորությունը: