Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի օրակարգը համաձայնեցվել է փոխնախագահների մակարդակով: Օրակարգում ներառված են հետեւյալ թեմաները՝ Ուկրաինայի ճգնաժամը, ռազմական միջադեպերի վտանգի նվազեցումը եւ թափանցիկությունը, իրավիճակը Աֆղանստանում, դաշինքը նաեւ կհայտնի Վարշավայի գագաթնաժողովի արդյունքների մասին: Այս մասին «ՌԻԱ նովոստի»-ին երկուշաբթի ասել է դաշինքի ներկայացուցիչներից մեկը:

Բարձրաստիճան ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, որ Ռուսասատանն ու ՆԱՏՕ-ն երեքշաբթի վերջնականապես կհստակեցնեն Բրյուսելում հուլիսի 13-ին նախատեսվող առաջիկա հանդիպման օրակարգը: «Օրակարգը կհամապատասխանի հուլիսի 6-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի արած հայտարարություններին, որոնք համաձայնեցված են ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ:

Ըստ այդ հայտարարության՝ քննարկումը կկենտրոնանա Ուկրաինայի ճգնաժամի եւ Մինսկի համաձայնագրերի ամբողջական իրականացման, ինչպես նաեւ ռազմական ակտիվության վրա՝ հատուկ ուշադրություն դարձնելով թափանցիկությանը եւ վտանգի նվազեցմանը, Աֆղանստանի անվտանգությանը»,- ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը՝ պատասխանելով հարցին, թե առաջիկա օրերին սպասվո՞ւմ են օրակարգի փոփոխություններ:

Նա հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հուլիսի 8-ին Վարշավայում մամուլի ասուլիսին հայտարարել է, որ հանդիպումը հնարավորություն կտա «Ռուսաստանին տեղեկացնել գագթնաժողովում ընդունված որոշումների մասին»: