Եվրասիական միության ոչ մի անդամ չպետք է խանգարի այլ երկրնենրի ծառայությունների մատակարարներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տնտեսական եւ ֆինանսական քաղաքականության Կոլեգիայի ղեկավար (նախարար) Տիմուր Սուլեյմենովը:

Եթե ԵՏՄ անդամ որեւէ երկրի ռեզիդենտը ծառայություններ է մատուցում այլ երկրում (խորհրդատվություն, շինարարության կազմակեպում եւ այլն), պետք է աշխատանքի հավասար պայմաններ ունենա այդ երկրի ռեզիդենտների հետ:

Նման դրույթ է նախատեսված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2014 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 111 որոշմամբ: Դրան կից ներկայացված է այն ոլորտների ցանկը, որոնց մասով միասնական շուկա է ձեւավորվելու:

Ցանկում ներառված են ենթակառուցվածքների շինարարությունը (ճանապարհներ, հաղորդակություն), գովազդային արշավի կազմակերպումը, աուդիտը, տուրիստական բիզնեսը, լաբորատոր անալիզը եւ այլն:

«Փորձում ենք ստուգել, արդյո՞ք այդ շուկան պրակտիկայում գործում է: Առայժմ դժվար է ստուգել, քանի որ բիզնեսից որեւէ արձագանք չկա: Այսինքն՝ կա՛մ ամեն ինչ հենց սկզբից լավ է ընթացել եւ մտահոգության առիթ չկա, կա՛մ բիզնեսն առայժմ պարզապես չի հասկացել, թե ինչպես է գործում այդ շուկան: Այդ պատճառով մենք պետք է տեղյակ լինենք խնդիրների մասին»,- նշեց Սուլեյմենովը: