Ֆրանսիայի Նիս քաղաքում հուլիսի 14-ի երեկոյան ահաբեկչությունը տեղի է ունեցել հայ Վահիկ Սահակյանին պատկանող ռեստորանից 100 մետր հեռավորության վրա:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Վահիկ Սահակյանը պատմեց, որ իրենց ռեստորանները երեկոյան մարդաշատ էր, հաճախորդներից շատերը ժամը 22:00-ի սահմաններում դուրս են եկել, որպեսզի տեսնեն հրավառությունը եւ վերադառնան:

«Մենք էլ սկսեցինք սեղանները կարգի բերել, որ երբ վերադառնան, պատրաստ լինի ամեն բան: Մեկ էլ տեսանք, որ մոտ 200-300 մարդ վազելով, խուճապահար գալիս են դեպի մեր ռեստորանը, դրսում սեղաններ կային, ծաղիկներ, դրանք կոտրելով անցան ու վազեցին: Մենք չհասկացանք՝ ինչ էր կատարվում, արագ հաճախորդներին ներս ենք բերել, փակել դուռն ու մոտ երկու ժամ մնացել ներսում»,- պատմեց Վահիկ Սահակյանը:

Վահիկն ընկերներից եւ համացանցից է իմացել ահաբեկչության մասին, ինքն անձամբ կրակոցներ չի լսել. «Երբ դուրս եկանք, փողոցներում դիակներ կային, ամեն քայլափոխի մահացած մարդիկ էին, ուղղաթիռներն իջնում ու մարդկանց մարմիններն էին տեղափոխում: Հիվանդանոցներում բազմաթիվ վիրավորներ կան: Ասում են՝ արդեն տեղ էլ չկա հիվանդանոցներում»:

Նշենք, որ ըստ Հայ եկեղեցու Նիսի հոգեւոր հովիվ Հայր Գրիգոր աբեղա Խաչատրյանի՝ զոհերի թվում կա մի հայ կին եւ 3 վիրավոր: ՀՀ ԱԳՆ-ն հաղորդում է, որ զոհվածը ՀՀ քաղաքացի է:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 22։30-ի սահմաններում, Նիսի Անգլիական ափին հավաքված մարդկանց խմբի մեջ մեծ արագությամբ բեռնատար էր մխրճվել։ Վարորդը մարդկանց մեջ էր մխրճվել Բաստիլի գրավման օրվա տոնական հրավառության ժամանակ։ Բեռնատարը, մոտ 2 կմ զիգզագաձեւ շարժվելով, փորձել է հնարավորինս շատ մարդկանց ճզմել։ Հետո վարորդը կրակ էր բացել մարդկանց վրա։ Ոստիկանության գործողությունների արդյունքում նա սպանվել է։ Բեռնատարի մեջ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք եւ պայթուցիկ։

Ըստ վերջին տեղեկությունների՝ զոհվել է 84 մարդ, ավելի քան 18-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Վարորդը Ֆրանսիայի եւ Թունիսի քաղաքացի է։ Նա 31 տարեկան է։ Նախկինում ոստիկանության ուշադրության կենտրոնում էր հայտնվել գողության եւ խուլիգանության համար։