Հաստատվել է Նիսում բազմության մեջ մխրճված բեռնատարի վարորդի ինքնությունը Nice Matin թերթի տվյալներով՝ նա Մոuհամմեդ Լաույե Բուլելն է (Mohamed Lahouaiej Bouhlel): Ոստիկանությունը խուզարկում է նրա տունը: Հայտնի է, որ նա 31 տարեկան է: Նա Ֆրանսիայի քաղաքացի է: Չնայած ոստիկանությունը ահաբեկիչների հետ նրա կապի մասին տեղեկություններ չունի, Մոuհամմեդը բռնություն կատարելու համար բազմիցս հայտնվել է իրավապահների տեսադաշտում:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 22։30-ի սահմաններում, Նիսի Անգլիական ափին հավաքված մարդկանց խմբի մեջ մեծ արագությամբ բեռնատար էր մխրճվել։ Վարորդը մարդկանց մեջ էր մխրճվել Բաստիլի գրավման օրվա տոնական հրավառության ժամանակ։ Բեռնատարը, մոտ 2 կմ զիգզագաձեւ շարժվելով, փորձել է հնարավորինս շատ մարդկանց ճզմել։ Հետո վարորդը կրակ էր բացել մարդկանց վրա։ Ոստիկանության գործողությունների արդյունքում նա սպանվել է։ Բեռնատարի մեջ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք եւ պայթուցիկ։ Ըստ վերջին տեղեկությունների՝ զոհվել է 84 մարդ, ավելի քան 18-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Վարորդը Ֆրանսիայի եւ Թունիսի քաղաքացի է։ Նա 31 տարեկան է։
Ըստ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի՝ զոհերի մեջ ՀՀ քաղաքացի կա: Իր հերթին Հայ եկեղեցու Նիսի հոգեւոր հովիվ Հայր Գրիգոր աբեղա Խաչատրյանը NEWS.am-ին հայտնել է, որ զոհված կինը 40 տարեկան է, նաեւ վիրավորների մեջ կա երեք հայ:





























