Թերթը զրուցել է Հայաստանի վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր Արա Գեւորգյանի հետ: Դիտարկմանը, թե «Հայաստանը հաճախ ստիպված է լինում արձանագրել ադրբեջանի աչալրջությունը եւ մեր հապաղումները քարոզչական գործունեության ոլորտում», անվանի երգահանը պատասխանել է.
«Այո, նրանք շատ արագ են արձագանքում ցանկացած փոքր մանրուքի, իսկ մենք ոչ: Ուղղակի խոսում ենք, բայց գործ չենք անում: Մենք չպիտի առիթ տայինք, որ իրենց զրպարտանքը փաթաթեին մեր վզին եւ տարածեին ամբողջ աշխարհում: Պիտի բարձրաձայնեինք նրանց մասին ողջ ճշմարտությունը, որպեսզի Արցախի ճակատագրի համար քվեարկողները հստակ իմանային, թե ինչպիսի ազգի հետ գործ ունեն իրենք՝ զավթի՞չ, թե՞ ազատագրող, քրիստոնյա՞, թե՞ իսլամական, խաղաղասե՞ր, թե՞ պատերազմատենչ:
Ադրբեջանական քարոզչությունն արագ տեմպով կարողանում է աշխարհից թաքցնել իր դեմքը, իրականությունը: Ես Եվրախորհրդի հայ պատգամավորներին մի խորհուրդ ունեմ, իրենց բոլոր ելույթներում թող ընդամենը երկու բառ ավելացնեն, որից շատ բան կփոխվի: Ամեն անգամ՝ Ադրբեջանի եւ Ղարաբաղի մասին խոսելիս, թող ասեն «իսլամական Ադրբեջան» եւ «քրիստոնյա Ղարաբաղ»: Ես չգիտեմ, թե դիվանագիտական առումով որքանով է սա ընդունելի մոտեցում, բայց վստահ եմ, որ այս բառերը կստիպեն եվրոպացի քրիստոնյաներինկայացնելու ճիշտ ընտրություն: Մանավանդ, որ Ադրբեջանն իսլամական անվանելով մենք վիրավորական ոչինչ չենք անում նրա նկատմամբ, ինչպես վիրավորական ոչինչ չկա մեզ համար, երբ Հայաստանը կամ Արցախը կոչում ենք քրիստոնյա: Թե չէ ստացվում է, որ Ադրբեջանը կարողանում է պաշտպանել իր սուտը, իսկ մենք մեր ճշմարտությունը՝ ոչ»:





























