ԱՄՆ Կոնգրեսը հրապարակել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների մասին 28 էջանոց գաղտնի հաշվետվությունը: Այս մասին գրում է Associated Press-ը:

Փաստաթղթի ամբողջական տարբերակը հրապարակվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի կայքում:

Reuters-ի հաղորդմամբ, Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը, միաժամանակ, հայտարարել է, որ ԱՄՆ հետախուզության աշխատակիցներն ավարտել են փաստաթղթի վերլուծությունը եւ դրանում ահաբեկչություններին Սաուդյան Արաբիայի մասնակցության որեւէ ապացույց չեն գտել:

Ապրիլին CBS հեռուստաալիքը հաղորդել էր, որ ամերիկյան սենատորները պնդում են, որպեսզի Բարաք Օբամայի վարչակազմը բացահայտի 2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակումների մասին տեղեկատվությունը: Նրանք մատնանշում էին, մասնավորապես, ահաբեկչություններին Սաուդյան Արաբիայի մասնակցությունը:

Միաժամանակ, Սաուդյան Արաբիայի դեսպանությունը քննադատել է CBS-ի հաղորդումը՝ այն կոչելով «առասպելների ժողովածու», որը ոչինչ չի ապացուցում: