Հայաստանի հասարակությունը չի կիսում հարցերի լուծման ծայրահեղական մոտեցումը: Հուլիսի 18-ին մամուլի ասուլիսի ժամանակ նման վստահություն է հայտնել ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Նրա խոսքով Երեւանում կատարվող իրադարձությունների ներքաղաքական հետեւանքները անորոշ են: «Հասարակության շրջանում կա դժգոհություն, բայց կարծում եմ՝ արձագանքից պարզ է, որ հասարակությունը չի կիսում հարցերը այդ ճանապարհով լուծելու մոտեցումը: Մյուս կողմից էլ անհրաժեշտ է, որ հասարակությունը կազմակերպված լինի, որպեսզի իսկապես կարողանա ազդել երկրում փոփոխություններ կատարելու վրա եւ մարդիկ չմտածեն նման ծայրահեղ միջոցների դիմելու մասին»,- նշել է Մանոյանը:

Նշենք, որ հուլիսի 17-ին մի խումբ զինված մարդիկ գրավել են Հայաստանի ոստիկանության ՊՊԾ գունդը: Փոխհրաձգության ընթացքոմ զոհվել է գնդի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Վանոյանը, չորս ոստիկան վիրավորվել է: Հարձակվողներից մեկն էլ է վիրավորվել: Հիմա շարունակվում են բանակցությունները՝ պատանդներին ազատ արձակելու ու զինված դիմադրությունը դադարեցնելու նպատակով: Զինված մարդիկ պահանջում են ազատ արձակել արմատական ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանին: