Հայաստանի իշխանությունները պետք է փորձեն բանակցություններ վարել՝ ուժասպառ անելով Երեւանում զինված հարձակման մասնակիցներին: Այս մասին հուլիսի 19-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով, իշխանությունները պետք է փորձեն անարյուն ճանապարհով լուծել հարցը, բայց եթե այլ ճանապարհ չլինի՝ պետք է այնուամենայնիվ գրոհի անցնեն: «Մենք գործ ունենք մարդկանց այն պատկերացման հետ, որ մեծ խնդիրները հնարավոր է լուծել հեշտ ճանապարհով: Այս պատկերացումը բնորոշ է հետխորհրդային հասարակություններին: Մարդիկ կարող են այսպես մտածել, միշտ էլ կգտնվեն 10,20 կամ 30 մարդ, որոնք կհավատան դրան»,- նշել է Իսկանդարյանը: Քաղաքագետը զինված հարձակումը պատահականություն չի համարում, այն նախապատմություն ուներ: Ըստ փորձագետի՝ ուլտրաարմատականությունը Հայաստանի համար նոր երեւույթ չէ:

Հիշեցնենք, որ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի շուրջ իրավիճակը շարունակում է մնալ հանգիստ: Արդեն երրորդ օրն է զինված խմբավորման անդամները պատանդ են պահում մի քանի ոստիկանների: