Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը 2010 թվականի 9 ամիսների ընթացքում Երեւանի քաղաքապետարանի աշխատանքի վերաբերյալ 372 բողոք է ստացել։ Գյուղապետարանների աշխատանքից բողոքել է 169, ոստիկանության աշխատանքից՝ 155, դատարանների եւ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության աշխատանքից՝ համապատասխանաբար 113 եւ 99 հոգի։ Հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի օմբուդսմեն Արմեն Հարությունյանը։
Նրա խոսքով, օգնություն ստանալու նպատակով իր գրասենյակ դիմել է 3140 մարդ, ստացվել է 2272 բողոք՝ դրանցից 857-ը՝ նամակի տեսքով։ Ստացված բողոքներից քննարկման են դրվել 309-ը, պետական այլ մարմինների են փոխանցվել 40-ը, մերժվել է 271 բողոք։ 142 բողոք քննարկման փուլում է։
Հարությունյանը նկատեց, որ իրենք դրական պատասխան են ստացել 38 դիմումների համար, եւ դրա շնորհիվ վերականգնվել են 256 մարդկանց խախտված իրավունքերը։





























