Խորենացի փողոցում այս գիշեր տեղի ունեցած բախումների հետեւանքով հիվանդանոց տեղափոխված 51  տուժածներից 40-ն արդեն դուրս է գրվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:

11 տուժածները, որոնցից 5-ը ոստիկան են, բուժում են ստանում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», «Երեւան», «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոններում:

«Էրեբունի» բժշկական կենտրոնում կա 7 տուժած, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում՝ 1, «Արմենիա» ԲԿ-ում՝ 1, «Երեւան» ԲԿ-ում՝ 2: Նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում գտնվող ոստիկանը կոտրվածք ունի, նա կվիրահատվի: Ի դեպ, նա բուժօգնության է դիմել ժամը 5-ի սահմանում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին ժամը 21.30-ի սահմաններում բախում է տեղի ունեցել Խորենացի փողոցում ոստիկանների ու ցուցարարների միջեւ:

Ոստիկանները սկսել են աղմկարար նռնակներ նետել, հատուկ միջոցներ կիրառել՝ ցուցարարներին ցրելու համար։ Իրավապահները նաեւ արցունքաբեր գազ են կիրառել։

Վաղ առավոտյան ժամը 4-ի սահմաններում, ոստիկանությունը սկսել է մաքրել Խորենացի փողոցը ցուցարարներից: Հաշվված րոպեների ընթացքում մի քանի տասնյակ անձինք բերման են ենթարկվել: Քաղաքացիներից մի քանիսի նկատմամբ ուժ է կիրառվել, տուժել են նաեւ լրագրողներ: Բերման ենթարկվել նաեւ ցուցարարներ Տիգրան Մեծի պողոտայից, Նար-Դոսի փողոցից։

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք Էրեբունիում գրոհով վերցրել են ՊՊԾ գունդը եւ պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը զոհվել է: Վիրավորվել են եւս չորս ոստիկաններ եւ ՊՊԾ գնդի գրոհին մասնակցած անձանցից մեկը: Այս պահին պատանդների թիվը 4 է: