Թերթն իր խմբագրականում գրում է. «Մեր իշխանություններնը ակնհայտորեն չեն սիրում Հայաստանի հարցով համազեկուցող, նախկին շվեդ պատգամավոր Գորան Լինդբլադին: Եւ նա, մեր մեջ ասած, առանձնապես սիրելու բան չէ: Եթե Մարդը Թուրքիայի նկատմամբ իր շահախնդիր կամ անշահախնդիր համակրանքից ելնելով՝ պայքարում է 20-րդ դարի մեծագույն հանցագործությունը կոծկելու համար, նման գործելակերպը դժվար թե որեւէ հայ ողջունի: Բայց այս կամ այն գործչի թրքամետության պատճառով չթողնել նրա Հայաստան, մոտավորապես նույնն է, ինչ անում են ադրբեջանցիները, երբ persona-non-grata են հայտարարում այն բոլոր արտասահմանցիներին, ովքեր այցելում են Լեռնային Ղարաբաղ: Ընդ որում, Լինդբլադը ցանկանում էր գալ ոչ թե որպես զբոսաշրջիկ, այլ որպես ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող: Այսինքն, տվյալ դեպքում նա ոչ միայն անձ է, այլեւ ֆունկցիա է, գործառույթ, որը կարեւոր նշանակություն ունի մեր երկրի համար: Այստեղ պետք էր հաշվարկել՝ ի՞նչն է ավելի թանկ՝ Լինդբլադին Հայաստան չթողնելու զուտ հուզական դեմարշը, թե՞ նրա չգալու քաղաքական հետեւանքները:

...Եթե թրքամետ գործիչների հետ շաչխատելը մեր իշխանության համար այլեւս սկզբունք է դարձել, ապա ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության անդամներն ընդհանրապես չպիտի շփվեն այդ կազմակերպության ներկայիս նախագահ Մեւյլութ Չավուշօղլուի հետ: Որովհետեւ էլ ո՞վ կարող է ավելի թրքամետ լինել, քան ինքը՝ թուրքը»: