Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին աջակցելու համար եւս 2 հոգու մեղադրանք է առաջադրվել: NEWS.am-ի հետ զրույցում փաստաբան Հովիկ Արսենյանը նշեց, որ այսօր երկու ամսով կալանավորվել է իր պաշտպանյալ Տարոն Լոռյանը: Փաստաբանի խոսքով՝ Տարոն Լոռյանը  հուլիսի 17-ի առավոտյան անծանոթ համարից զանգ է ստացել, պատասխանել է, սակայն, խոսակցություն չի եղել: Նախաքննական մարմինը գտել է, որ հնարավոր է՝ նա կոդավորված զրույց է ունեցել ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված խմբի հետ եւ մեղադրանք է առաջադրել նրան:

«Չի ընդունում մեղադրանքը, իրեն անծանոթ համարից զանգել են, վերցրել է, բայց խոսակցություն չի եղել ու քնել է։ Նախաքննական մարմինը գտնում է, որ հնարավոր է՝ կոդավորված զրույց է եղել եւ մեղադրանք են առաջադրել զինված խմբին աջակցելու համար», - ասաց փաստաբանը:

Հովիկ Արսենյանի մյուս պաշտպանյալ Սամսոն Գաբրիելյանը, որը կալանավորվել է հուլիսի 23-ին,  եւս չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, նրա խոսքով՝ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հուլիսի 19-ին Սարի թաղ է գնացել եւ որպեսզի սարիթաղցիներին վստահեցնի, որ ծպտյալ ոստիկան չէ՝ զանգահարել է զինված խմբի անդամ Պավել Մանուկյանին եւ նրան ասել, որ շրջապատված են ու խորհուրդ տվել զգուշանալ ուղարկվող սննդից։

Հովիկ Արսենյանը նշեց, որ  անհիմն է համարում իր պաշտպանյալների կալանավորումը եւ հույս հայտնեց, որ իրավիճակի կարգավորումից հետո նրանք ազատ կարձակվեն։

Հիշեցնենք, որ Երևանում Ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գնդում տեղի ունեցած դեպքերի առթիվ քրեական գործեր են հարուցվել ԱԱԾ-ում,  ՀՔԾ-ում եւ ՀՀ Քննչական կոմիտեում:

Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել հուլիսի 17-ին զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավման կապակցությամբ, ՀՔԾ-ում քրգործ է հարուցվել ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների կողմից առերեւույթ  պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը եւ փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ: ՀՀ Քննչական կոմիտեում էլ հուլիսի 20-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զանգվածային անկարգությունների վերաբերյալ է հարուցվել քրեակն գործ:

Նշենք, որ արդեն 10-րդ օրն է, ինչ Երեւանի Խորենացի փողոցում զինված խումբը գրոհով վերցրել է ոստիկանության ՊՊԾ գունդը։