Արդեն 12-րդ օրն է, ինչ Երեւանի Խորենացի փողոցում «Սասնա ծռեր» զինված խումբը գրոհով վերցրել է ոստիկանության ՊՊԾ գունդը։
Այս պահին Խորենացի փողոցում հանգիստ է, գիշերվա ընթացքում եւս միջադեպեր չեն գրանցվել: Նախօրեին ողջ օրվա ընթացքում ոստիկանները Խորենացի փողոցից բերման են ենթարկել բազմաթիվ քաղաքացիների, բոլոր նրանց, որոնք օրվա ընթացքում մոտենում էին ոստիկանական պատնեշին հարակից տարածքին: Երեկոյան Խորենացի փողոց է այցելել ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը եւ հակաճգնաժամային խորհրդի նախաձեռնող խմբի անունից հայտարարել, որ որոշվել է հավաքվել Ազատության հրապարակում: Արդեն Ազատության հրապարակում հայտնի է դարձել, որ նախաձեռնող խմբի մեծ մասին բերման են ենթարկել: Մասնավորապես, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը բերման է ենթարկվել ԱԱԾ: Ալբերտ Բաղդասարյանը հայտարարել է, թե նախաձեռնող խումբը «գլխատվել է», ամեն րոպե կարող են բերման ենթարկել իրեն եւ խմբի՝ ազատության մեջ մնացած անդամներին։
Հայտնի է դարձել, որ ոստիկանները բերման են ենթարկել քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանին եւ «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանին։
Բերման է ենթարկվել նաեւ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը՝ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանի կինը: Նրան պահել են ոստիկանության ներքին զորքերի զորամասում, մոտից խլել են հեռախոսը եւ շուրջ 3 ժամ հետո ազատ արձակել: Նրա փաստաբան Արամազդ Կիվիրյանը նշել է, որ Ոստիկանության ներքին զորքերի զորամասում այդ պահին կա Խորենացի փողոցից բերման ենթարկված շուրջ 80 քաղաքացի:
Հայտնի է դարձել, որ ձերբակալվել է Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը: Նրա դեմ քրգործ է հարուցվել Քրօրի 235 4-րդ մասով (ապօրինի կերպով սառը զենք կրելը): Նրա մոտ դանակ են գտել:
Ազատության հրապարակից ցուցարարները երթով շարժվել են Խորենացի փողոց, որտեղ նստացույց են սկսել: Այստեղ ոստիկանությունը նախորդ օրերից մի քանի անգամ ավելի շատ ուժեր էր կենտրոնացրել։ Ոստիկանները զինված էին վահաններով, մահակներով, սաղավարտներով։
Ոստիկանության փոխգնդապետ Այվազյանը ցուցարարներին հայտնել է, որ բերման ենթարկվածների մեծ մասն ազատ է արձակվել, մի մասին էլ հարուցված քրգործի շրջանակներում հարցաքննում են, եւ նրանք էլ ազատ կարձակվեն, բացի մեղադրյալներից։ Հավաքվածները սուլոցներով են ընդունել նրա հայտարարությունը։
Ի վերջո, որոշում է կայացվել նստացույցն ավարտել եւ հավաքվել հուլիսի 28-ի երեկոյան, Ազատության հրապարակում։
Ի աջակցություն Երեւանի ցուցարարների, երեկ տասնյակ գյումրեցիներ երթով անցել են Գյումրիի կենտրոնական փողոցներով՝ իշխանություններին ցույց տալով «դեղին քարտ»։ Երթի մասնակիցներն այս կերպ, մասնավորապես, պահանջում էին դադարեցնել անօրինական ձերբակալությունները։
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)




































